«Կգա օրը և ժամանակը, երբ կշրջափակվի նաև Կառավարության շենքը»․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն այսօր հենց Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիս էր հրավիրել և պատասխանում էր լրագրողների հարցերին։

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում պետական այն հաստատությունները, որոնք շրջափակում են քաղաքացիները, և արդոք ավելի նպատակահարմար չէ՞ շրջափակել այն հաստատությունները, որտեղ կոնկրետ պատասխանատուներ կան, այլ ոչ թե, օրինակ՝ նախագահական շենքը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց։

«Միայն նախագահականը չենք շրջափակել, շրջափակել ենք նաև Անվտանգության խորհրդի շենքը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նախագահականում կա 155 աշխատակից, դրանից մի փոքր քիչ՝ Անվտանգության խորհրդում։ Խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն է, և այո, ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շուրջ 3 ժամ երկու պետական հաստատություն շրջափակել են, կասեցրել են տվյալ հաստատությունների աշխատանքը, և մեր առջև դրված խնդիրը ամբողջությամբ լուծել ենք։ Դրանից առաջ նույնը տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարության շենքի և այլ նախարարությունների հետ։ Կգա օրը և ժամանակը, երբ կշրջափակվի նաև Կառավարության շենքը։

Մենք ծրագրավորված իրականացնում ենք մեր բողոքի ակցիաները, և ըստ տվյալ օրվա ռեսուրսի և ըստ նպատակահարմարության՝ որոշում ենք՝ այդ օրը ո՞ր շենքը պետք է ենթարկվի շրջափակման և ի՞նչ պահանջներով»։

Դիտարկմանը, որ հնչում են նաև գործադուլի կոչեր, սակայն նույն «Հայաստան» դաշինքի շատ ներկայացուցիչներին պատկանող շատ օբյեկտներ գործադուլ չեն հայտարարում, Իշխան Սաղաթելյանն ասաց․

«Ես չգիտեմ՝ ումն է, ես նման մասնավոր դեպքեր չեմ քննարկում։ Մասնավոր անձանց չենք դիմել, որ՝ գործադուլ արեք։ Մենք համընդհանուր կոչով ենք հանդես եկել, այդ կոչին արձագանքել են բազմաթիվ գործարարներ, եղել են նաև չարձագանքողներ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս