«Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, որը ձեռք կբարձրացնի այն մայրերի վրա, որոնք իրենց զավակներին են տվել»․ զոհվածների հարազատները փորձեցին մտնել ԲԴԽ շենք

Վաղ առավոտից Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքված ծնողները պահանջում էին հանդիպում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ծնողներին նախ առաջարկել էին 5 հոգանոց խումբ ձևավորել և ներսում հանդիպել Ջհանգիրյանի հետ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա։

Ծնողներն այդ առաջարկը մերժել էին, իսկ ավելի ուշ որոշեցին բոլորով մտնել ԲԴԽ շենք՝ հանդիպման, ինչի հետևանքով մի պահ իրավիճակը լարվեց:

«Ես ուզում եմ տեսնել այն ոստիկանին, որը ձեռք կբարձրացնի այն մայրերի վրա, որոնք իրենց զավակներին են տվել»,- ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ապա մյուս ծնողների հետ առաջացավ դեպի ԲԴԽ շենքի գլխավոր մուտքը, իսկ մուտքի մոտ մի քանի շարքով կենդանի պատ էին կազմել ոստիկանության աշխատակիցները։

Ծնողները պահանջեցին, որ գոնե 30 հոգանոց խմբին ընդունի ԲԴԽ նախագահը։ Այս պահանջն ավելի ուշ ընդունվեց, սակայն ԲԴԽ շենք թույլ չտվեցին մուտք գործել ԶԼՄ ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները ԲԴԽ նախագահից պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացվի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս