ՀԱՊՀ ավագ դպրոցի երեք թիմ մասնակցել է «Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցույթին
Սկսնակ թիմերին տալ հնարավորություն ուժերը գնահատելու և պատրաստվելու ավելի լուրջ ռոբոտաշինական նվաճումների։
«Լեգոստարտ» ռոբոտաշինական մրցույթն այս տարի մեկ հարկի տակ էր համախմբել 29 մասնակից թիմեր Երևանից և մարզերից, որոնք մրցում էին 4 տարիքային խմբերում։ «Լեգոստարտ»-ին այս անգամ մասնակցում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը՝ երեք թիմով: «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած մրցույթի այս տարվա առաքելությունն էր՝ ստեղծել այնպիսի ռոբոտ, որը գիտնական դառնալով կօգնի կատարելու հետազոտություններ համաճարակային իրավիճակներում։ Օրինակ, տարրական տարիքային խմբի մասնակից թիմերը պետք է փորձեն դեղատան տարածքից լուծույթներ հասցնել լաբորատորիաներ՝ այդ ընթացքում պահպանելով սահմանված հստակ կանոններն ու ցուցումները։ «Լեգոստարտի» նպատակն է մրցաշարը հասանելի դարձնել ավելի մեծ թվով երեխաների համար, հնարավորություն տալ սկսնակ թիմերին փորձ ձեռք բերելու և հետագայում մասնակցելու նաև ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։ Լեգոստարտը թիմային մրցույթ է:
Յուրաքանչյուր թիմում կարող է լինել 2-3 մասնակից: Մրցույթին կարող են մասնակցել 8-19 տարեկան աշակերտները՝ համապատասխան տարիքային խմբերում: Մրցույթի հիմնական նպատակները մի քանի ուղղությամբ են՝ ներգրավել աշակերտներին գործնական գիտական գործունեության մեջ, հետաքրքրել հատկապես մաթեմատիկայի, ծրագրավորման, ֆիզիկայի նկատմամբ՝ նպաստելով միջառարկայական կապերի ընդլայնմանը, խթանել թիմային աշխատանքի հմտությունները, նպաստել տեսական գիտելիքների գործնական կիրառմանը: