Պուտինը հայտարարել է տնտեսական համագործակցության համար Ռուսաստանի բաց լինելու մասին
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը մտադիր է աշխարհի բոլոր երկրների հետ բաց մնալ տնտեսական համագործակցության համար, բացի այդ, կընդլայնվի այն երկրների հետ փոխգործակցությունը, որոնք շահագրգրված են համագործակցությամբ։
Նա դա ասել է տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման խնդիրների շուրջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ «այստեղ կարեւոր է հարցերի մի ամբողջ համալիր. դա հարմար վճարային ենթակառուցվածքի կազմակերպումն է ազգային արժույթներով, գիտատեխնիկական կապերի հաստատումը, լոգիստական շղթաների կարողության մեծացումը, դրանց արդյունավետության բարձրացումը եւ բեռնատարների համար նոր երթուղիների ստեղծումը»:
Նա նաեւ նշել է, որ արդի պայմաններում աճում է տրանսպորտային հոսքերը դիվերսիֆիկացնելու կարեւորությունը:
«Առանձին երկրների գործողությունները, Ռուսաստանից «փակվելու» նրանց ցանկությունը, ոչ թե Ռուսաստանին «փակել», այլ հենց Ռուսաստանից «փակվել», նույնիսկ ի վնաս իրենց, ցույց են տվել, թե որքան կարեւոր է նաեւ արդի աշխարհում տրանսպորտային հոսքերը ժամանակին դիվերսիֆիկացնելը, ընդլայնել միջանցքները կանխատեսելի պատասխանատու գործընկերների ուղղությամբ»,- նշել է պետության ղեկավարը, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: