Ակցիայի մասնակցին հայհոյած պարեկի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ինչպե՞ս կարձագանքեն Դանիել Իոաննիսյանը, ՄԻՊ-ն ու Անդրեա Վիկտորինը

Այսօր իրականացված իրազեկման ավտոերթերից մեկի ժամանակ երիտասարդ պարեկը հայհոյեց ակցիայի մասնակիցներից մեկին:

Դրվագը լայն արձագանք գտավ սոցիալական ցանցերում, մարդիկ իրավացիորեն պահանջում էին պարեկի պահվածքն ու արտաբերած հայհոյանքը նույնպես որպես հիմք ընդունել ծանր վիրավորանքի տխրահռչակ հոդվածով քրեական գործ հարուցելու համար:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մասնավորապես հրապարակել էր հայհոյող պարեկի լուսանկարն ու գրել.

«Նկարի պարեկն այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին: Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ լուծելու պարեկի կարգապահական պատասխանատվության հարցը:

Հ.Գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»:

168.am-ին դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նշված պարեկի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ավելի վաղ՝ նախորդ աշխատանքային շաբաթվա վերջին օրը, ոստիկանությունը տեղեկացրել էր, որ 2022թ․ ապրիլից սկսված ընդդիմության ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով (հաղորդումներով) ՀՀ ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ։

«Կատարվող ծառայողական քննություններից 1-ը թողնվել է անհետևանք, 3-ը կասեցվել են, իսկ մնացած 43-ը գտնվում են ընթացքի մեջ։

Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած դեպքերից 28-ի ընթացքը լուծվել է ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով։ Մի քանի դեպքով հարուցվել են քրեական գործեր և կատարվում է նախաքննություն։ Ծառայողական քննությունների առիթ հանդիսացած որոշ դեպքեր բազմադրվագ են։

Հարկ է նշել, որ բացի այդ, քննվող 13 դեպքով վնաս է հասցվել ոստիկանությանը (3-ը՝ ծառայողական, և 1-ը՝ անձնական ավտոմեքենաներին, 3-ը՝ ծանր վիրավորանք, 6-ը՝ բռնություն)»,- նշել էին ոստիկանությունից:

Ինչևէ, հուսանք, պարեկապահակային ծառայության ներդրման ջատագովներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն ու արդարադատության նախկին փոխնախարար, Մարդու իրավունքների գործող պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նույնպես կանդրադառնան միջադեպին, ինչպես նաև առնվազն ուշադիր կլինեն, թե պարեկների պատրաստության դասընթացների ժամանակ ինչպես են անցկացվում բարեվարքության պարապմունքները:

Մեծ հույս ունենք, որ չի ուշանա նաև ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի արձագանքը:

Տեսանյութեր

Լրահոս