Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակցությունը. շնորհակալություն և ավանս՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին
Մայիսի 19-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշվեց՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Այս փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին)՝ 50 տոկոսի չափով։
ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:
Այս օրենսդրական փոփոխության զեկուցողը թեպետ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն էր, սակայն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացման հիմնավորումները կառավարության նիստին ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց՝ ինչո՞ւ է բարձրացնում ՍԴ-ի և Վճռաբեկի դատավորների աշխատավարձերը: Մինչ այդ, իհարկե, իրեն բնորոշ ոճով սրտաճմլիկ տեքստ էր արտաբերել այն մասին, որ դատավորների համար չեն անում այս փոփոխությունը, այլ քաղաքացիների:
«Սա ունի և սոցիալական, և քաղաքական, և իրավական նշանակություն, և մենք հետևողականորեն պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե՝ մարդկանց ձեռքերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդիվ նա նշեց, որ կան բազմաթիվ դատավորներ, ովքեր առաջնորդվում են իրենց խղճով և օրենքներով, և իրենք այս մարդկանց պետք է աջակցեն:
«Որպես հանրություն, որպես կառավարություն և որպես երկիր՝ պետք է աջակցենք, քաջալերենք, որպեսզի նրանք քաջալերված զգան: Այստեղ հարցը միայն ֆինանսական չէ, սա նաև հանրային, քաղաքական աջակցության ձև է բոլոր այն դատավորներին, ովքեր ծառայում են իրենց խղճին, համոզմունքին, Սահմանադրությանը, օրենքին և այսպիսով՝ ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, օրինակ, համարում, որ ՍԴ-ի ու ՎՃռաբեկի դատավորներն ունեն քաջալերման կարիք, իսկ Ընդհանուր իրավասության կամ Վերաքննիչ դատարանների դատավորները՝ ոչ, թերևս, իր ընկալման խնդիրն է, թեպետ դա, իհարկե, ունի իր տրամաբանությունը:
Ընդհանուր իրավասության դատարանների դատավորները տառացիորեն գերծանրաբեռնվածությունից սպառվում են, համակարգը լքում են լավագույն դատավորները՝ գերադասելով փաստաբանությունը կամ մասնավոր ոլորտում աշխատանքը, դատավորի պատվաբեր աշխատանքն այլևս գրավիչ չէ երիտասարդ որակյալ մասնագետների համար, և դրա վկայությունն ամեն օր դատական համակարգում թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններն են, և դրա պատճառներից գլխավորներից մեկը նաև դատավորների գերծանրաբեռնվածության հարցն է, իսկ Վճռաբեկում, օրինակ, ուր գործերը տարիներով քնում են, դատավորներն աշխատավարձի բարձրացում են ստանում:
Հասկանալի է, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը հավաքական Վճռաբեկ դատարանին շնորհակալություն է հայտնում իր վերաբերյալ ռեկորդային կարճ ժամկետներում դրական վճիռ կայացնելու համար Մարտի 1-ի գործով ու նաև որոշակի ավանս տալիս հետագա վճիռների ելքի կանխատեսելիության ապահովման համար. Ի՞նչ իմանաս, թե ինչ կարող է լինել:
Սահմանադրական դատարանին խրախուսելը նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ: Բավական է հիշել, թե Հրայր Թովմասյանի դեմ արշավից, ՍԴ երեք դատավորներին ապօրինի կերպով ՍԴ-ից դուրս մղելուց ու նրանց փոխարեն իր սրտի ՍԴ անդամներով համալրելուց հետո քանի իշխանահաճո ու Նիկոլ Փաշինյանին անձամբ գոհացնող անբեկանելի որոշումներ է կայացրել ՍԴ-ն ու դեռ վստահաբար կայացնելու է, եթե քաղաքական իրողությունները չփոխվեն:
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. սա լուրջ քաղաքական աջակցություն է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին: Պետք է փոքր-ինչ սպասել՝ հասկանալու համար, թե Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններին ինչ նոր քաղաքական պատվերներ են իջեցվելու: