Արտոնյալ Նիկոլ Փաշինյանը, կամ ինչու են Վճռաբեկում տարիներով «քնում» գործերը

Ապրիլի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008թ․ իրադարձությունների հետ: Վճռաբեկ դատարանն առաջադրված մեղադրանքում ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը։

ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը։

Հիշեցնենք, որ խոսքը հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) ստացված Նիկոլ Փաշինյանի համար դրական վճռի մասին է, ըստ որի՝ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ և 11-րդ հոդվածները, այսինքն՝ հավաքների իրավունքը և ազատ արտահայտվելու ազատության իրավունքը:

Վճիռը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում՝ 28 օրում, մի բան, որ Վճռաբեկի պատմության մեջ կարծես դեռ չէր գրանցվել:

Պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ՝ Մարտի 1-ի ողջ պատասխանատվությունից ազատվելու խնդիր ունի, պարզ է նաև, որ ունենալով ուժի մեջ եղած դատավճիռ՝ միայն արդարացման հիմքով կարող է հասնել իր գերնպատակին, ինչին էլ անշեղորեն ձգտում է՝ դրան ուղղված քայլեր ձեռնարկելով դեռ 2019 թվականից:

Այսինքն՝ որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գործը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է ոչ թե այն ժամանակ, երբ այդ բողոքը ներկայացվել է, այլ տարիներ անց՝ 2019թ., երբ վերջինս արդեն զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աթոռը, այսինքն՝ գործը սկսել է քննվել հենց 2019թ.:

2019թ.՝ ՄԻԵԴ-ը դատավորների 3 հոգանոց կազմով սկսել է գործը, 2019թ. է ՄԻԵԴ-ը Նիկոլ Փաշինյանի փաստարկներին ՀՀ կառավարությունից պատասխան ուզել, այսինքն՝ հիմնավորել, որ նրա նկատմամբ ՀՀ-ում արդար դատավճիռ է իրականացվել, իսկ 2019թ. նախկին կառավարություն չկար, իր ձևավորած կառավարությունն էր՝ իր գլխավորությամբ:

ՄԻԵԴ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, ով ուզում է լինի կառավարության ղեկին: Եղիշե Կիրակոսյանն իր թիմով պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատավճռի 25 էջանոց պատճառաբանական մասից գոնե մեկ տող ուղարկել ՄԻԵԴ, փորձել հիմնավորել պետության արդարացիությունը, ինչը չի արել:

ՄԻԵԴ-ում բոլոր վճիռները կայացվում են ընդդեմ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության, և մի օր Եղիշե Կիրակոսյանն անպայման պիտի պատասխանի՝ ինչո՞ւ ՀՀ կառավարությունը ոչինչ չի պատասխանել ՄԻԵԴ հարցումներին:

Եվ այս պայմաններում իրավունքի ճանաչված «խախտումներով» ՄԻԵԴ վճիռը որպես հիմք ընդունած Վճռաբեկ դատարանը ռեկորդային կարճ ժամանակում արդարացնում է Նիկոլ Փաշինյանին:

Եվ սա՝ այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանում, ամիսներով, նույնիսկ տարիներով կարող են գործեր «քնել»:

168.am-ի տրամադրության տակ հայտնվել են փաստեր, երբ գործերը Վճռաբեկ դատարանում են տարուց ավելի, անգամ 2 տարի, ու որևէ մեկը չգիտի՝ արդյոք երբևէ իրենց կհաջողվի՞ վճիռ ստանալ Վճռաբեկից:

Հիմա՝ օրինակներով:

Ստորև բերված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 2020թ. փետրվարի 25-ին: Այդ մասին որոշումն ընդունվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ և ևս երեք դատավորների մասնակցությամբ: վարույթ ընդունելու օրվանից մինչ օրս անցել է 2 տարի և 2 ամիս ժամանակ, սակայն մինչ օրս անգամ գործի ընթացքից որևէ տեղեկություն չկա:

Այլ գործերի մասին:

Գործ թիվ ԵԴ/0273/01/19։  Մուրադ Մովսեսյանի գործով Վճռաբեկ դատարանը դատախազի բողոքը ստացել է 19.06.2020թ.-ին, վարույթ ընդունել 1 տարի 3 ամիս անց՝ 09.09.2020թ.-ին, նիստ նշանակել 1 տարի երկու ամիս անց՝  26.11.2021թ.-ին, որոշումն էլ դեռ չկա։

Գոռ Սարգսյանի գործով (թիվ ԵԿԴ/0229/01/16) 29.02.2018թ. որոշման դեմ 18.04.2018թ.-ին պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք, վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել 18.09.2018թ.-ին, որոշումը կայացրել 11.04.2019թ.-ին։ Փաստացի որոշումը կայացվել է մեկ տարուց։

ԵԴ/0019/06/18 գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 16-ին, որոշումը կայացվել է մոտ մեկ տարի հետո՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին:

ԵԴ/0054/01/15 գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 2020թ. փետրվարի 6-ին, սակայն որոշումը կայացվել է 2021թ. ապրիլի 14-ին, այսինքն՝ մեկ տարի 2 ամիս անց:

ԵԴ/0154/11/19 գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 2020թ. մարտի 9-ին, որոշումը կայացվել է 2022թ. մարտի 4-ին՝ ուղիղ 2 տարի անց:

Հույս ունենք՝ Վճռաբեկ դատարանը կունենա քաջություն՝ մեկնաբանելու կամ պարզաբանելու, թե ինչպե՞ս է լինում, որ մեկի գործին տարուց ավելի կամ 2 տարի մոտ չեն գալիս, իսկ մյուսինը վարույթ են ընդունում ու վճիռ կայացնում ընդամենը 28 օրում:

Տեսանյութեր

Լրահոս