Ի՞նչ սկզբունքներ կարող էր առաջ քաշել Հայաստանը՝ ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի

Մայիսի 13-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած 6 կետերը՝ ի պատասխան մինչ այդ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի, որոնց հիման վրա առաջարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հրապարակած կետերին, վերլուծել դրանց բովանդակությունը։

Հիմնադրամն արձանագրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են՝ ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։ Նախ հայկական կողմը հապճեպ հայտարարելով, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերն իր համար ընդունելի են, առանց հաշվի առնելու սեփական առաջարկների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ի սկզբանե թույլ է տվել կոպիտ դիվանագիտական սխալ՝ Ադրբեջանին հնարավորություն տալով բանակցային գործընթացը տանել բացառապես սեփական օրակարգով, հայկական առաջարկները մղելով երկրորդ պլան։

Այնուհետև, ներկայացնելով խիստ անորոշ և դիվանագիտորեն ոչ պատշաճ ձևակերպված առաջարկներ, հայկական կողմն ավելի է հեշտացրել Ադրբեջանի գործը, այդ թվում՝ ավելի հիմնավոր դարձնելով վերջինիս դիրքորոշումը միջնորդների և միջազգային հանրության շրջանում։

Միաժամանակ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է մի շարք առաջարկներ, որոնք ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայացնելու դեպքում հայկական կողմը կարող էր (կարող է) բանակցային գործընթացի մեկնարկին մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից՝ առկախելով Ադրբեջանի 5 սկզբունքների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման հայտարարումը և հանդես գալով երկու կողմերի առաջ քաշած սկզբունքները մեկ ընդհանուր փաթեթով ընդունելու առաջարկով։

Այսպես՝

  • Կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:
  • Կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառումից, այդ թվում՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման և ժողովուրդների իրահվահավասարության, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքները:
  • Որպես բանակցությունների մեկնարկ և վստահության մթնոլորտի ամրապնդում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում լուծել երկու երկրների միջև առկա հումանիտար բնույթի բոլոր խնդիրները, մասնավորապես անհապաղ իրականացնել գերիների և այլ պահվող անձանց վերադարձի հետ կապված միջազգայնորեն ստանձնած բոլոր պարտավորությունները։
  • Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը, կողմերը հրաժարվում են ուժային եղանակով սահմաններին առկա ստատուս քվոյի ցանկացած փոփոխությունից և վերադառնում են նախքան 2021թ. մայիսի 12-ը սահմաններին առկա ստատուս քվոյին։
  • Կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը միջազգայնորեն ստանձնած բոլոր պարտավորությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում նախկինում ստորագրված հիմնարար փաստաթղթերի՝ Մադրիդյան սկզբունքների, Մայնդորֆյան հռչակագրի, երկկողմ և բազմակողմ այլ հիմնարար փաստաթղթերի ու հայտարարությունների նկատմամբ։
  • Կողմերը հրաժարվում են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այնպիսի մեկնաբանություններից և հավակնություններից, որոնք կասկածի տակ կդնեն տվյալ ենթակառուցվածքի նկատմամբ դրա գտնվելու երկրի սուվերենությունը։

Սրանք միայն այն սակավաթիվ առաջարկներն են, որոնք հայկական կողմը կարող էր ներկայացնել որպես բանակցային գործընթացի մեկնարկի հիմք և որոնք կարող էն բավականին ընկալելի լինել միջազգային հանրության ու միջնորդների համար։ Այս և այլ սկզբունքները հնարավոր է բարձրաձայնել նաև հետագայում, քանի դեռ բանակցային գործընթացը լիարժեքորեն չի մեկնարկել և դրա հիմքում ընկած սկզբունքներն ամբողջությամբ չեն հստակեցվել։

Հայկական կողմի առաջ քաշած 6 և Ադրբեջանի կողմից ներկայացված 5 առաջարկ-սկզբունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում այս հղումով.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Տեսանյութեր

Լրահոս