
«Արցախի դրոշի հանդեպ մեր իշխանությունները վախ ունեն: Եթե ես Ալիևի դրոշով մտնեի, ինձ ավելի ջերմ կընդունեին». զոհվածի հայր

«Էս դրոշի համար մեր տղերքը զոհվել են, կյանքը տվել են, այս դրոշով ես այսօր անհիմն բերման եմ ենթարկվել, անհիմն ձևակերպումով, որ՝ դուք խախտում եք հասարակական կարգը»,- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, որի ձեռքին Արցախի դրոշն էր:
Նա նշեց, որ բերման է ենթարկվել Կասյան փողոցից:
«Արաբկիրի բաժնում էս դրոշով երբ ներս մտա, խնդրեցին Արաբկիրի հերթապահ մաս մտնելուց առաջ դրոշը հանեմ ուսերիցս. Էս դրոշից վախենում են, էս դրոշի հանդեպ մեր իշխանությունները վախ ունեն: Եթե ես Ալիևի դրոշով մտնեի, ինձ ավելի ջերմ կընդունեին: Սա մեր Արցախի դրոշն է, սա մեր սուրբ դրոշն է, ոչ ոք թող չփորձի այս դրոշին կպնի, փնովի: Ցանկացած պետական կառույց պատրաստ ենք այս դրոշով մտնել, ով էլ թույլ չտա՝ ներխուժելու ենք: Մեր տղերքը էս դրոշի համար են զոհվել, ու 30 տարի է՝ մենք զրկանքների ենք ենթարկվում այս դրոշի համար, մեր հայրենիքի համար: Նիկոլները կգան-կգնան, մենք մնալու ենք, մեր երկիրն է, մեր Արցախն է, մեր Հայաստանն է: Արցախը լինելու է արցախցունը, ոչ թե ադրբեջանցունը, Արցախցին հայն է, սյունեցին հայն է, նույնը նաև շիրակցին է հայ: Հայաստանում, Արցախում ապրող բոլոր մարդիկ հայ են, ու նրանք պետք է ապրեն իրենց հայրենիքում»: