Ոստիկանությունը բերման ենթարկվելիս վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին տեղեկություն չունի

Վաղ առավոտից ընդդիմությունը սկսել էր անհնազանդության ակցիաները՝ պարբերաբար փակելով մայրաքաղաքի մի քանի ճանապարհահատվածներ: Ոստիկանության վերջին տվյալներով՝ ժամը 14-ի դրությամբ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։

Քանի որ իրավապաշտպաններն ու հանրային, քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում էին ոստիկանության կողմից բերման ենթարկելու ընթացքում քաղաքացիներին հասցված մարմնական վնասվածքների մասին, 168.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից փորձեց ճշտել նաև՝ կա՞ արդյոք բերման ենթարկելիս վնասվածքներ ստացած քաղաքացիների թիվ:

Ի պատասխան՝ վարչությունից նշեցին, որ նման տեղեկություն չունեն այս պահին:

Նշենք, որ վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին այսօր հայտնել էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Տեղեկությունը հստակ չի, բայց ճանապարհին նոր ասացին, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել: Հիմա «Մալայանի» անվան հիվանդանոցում է, տեսնենք՝ ինչ է: Համենայնդեպս, աչքը արյունոտված՝ տարել են հիվանդանոց»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր Վանեցյանը:

Իսկ hraparak.am–ը զրուցել է վնասվածք ստացած քաղաքացու՝ Զոհրաբ Իգիտյանի հետ։ Վերջնիս նշել է, որ կարմիրբերետավորը մատը մտցրել է իր աչքը։

Իգիտյանը պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Ես կանգնած էի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում, այդ պահին խաղաղ ակցիա էր գնում, ես նկատեցի, որ ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա, այդ պահին բռնի ուժով բերման էին ենթարկում Արցախի բանակի սպա, երկու անգամ վիրավորված, Մարտական խաչ կրող անձին, որին հեռակա ճանաչում եմ։ Իրեն ձեռնաշղթաներով ասֆալտին վրա պառկացրել էին, քարշ տալով տանում  էին, ես ասացի՝ ի՞նչ եք անում, գիտե՞ք այդ մարդը ով ա, այդ պահին հարձակվեցին իմ վրա, ու կարմիր բերետավորներից մեկը մատը մտցրեց աչքս։ Ասում են՝ տեսանյութը կա, բայց ես չեմ նայել»։

Հիշեցնենք՝ ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման էին ենթարկվել խաղաղ ակցիաների 352 մասնակից, ժամը 9:30-ի դրությամբ այդ թիվը 73 էր, իսկ ժամը 10:45-ի դրությամբ՝ 277:

Տեսանյութեր

Լրահոս