«Քաղաքացիներից մեկին՝ աչքը արյունոտված, տարել են հիվանդանոց». Վանեցյանը՝ ոստիկանության գործողությունների մասին

Այսօր արդեն 300-ից ավելի բերման ենթարկվածներ կան, ունենք մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Տեղեկությունը հստակ չի, բայց ճանապարհին նոր ասացին, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել: Հիմա «Մալայանի» անվան հիվանդանոցում է, տեսնենք՝ ինչ է: Համենայնդեպս, աչքը արյունոտված՝ տարել են հիվանդանոց»,- նշել է Վանեցյանը:

hraparak.am–ի զրուցել է վնասվածք ստացած քաղաքացու՝ Զոհրաբ Իգիտյանի հետ։ Վերջնիս նշել է, որ կարմիրբերետավորը մատը մտցրել է իր աչքը։

Իգիտյանը պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Ես կանգնած էի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում, այդ պահին խաղաղ ակցիա էր գնում, ես նկատեցի, որ ոստիկանները հարձակվեցին ժողովրդի վրա, այդ պահին բռնի ուժով բերման էին ենթարկում Արցախի բանակի սպա, երկու անգամ վիրավորված, Մարտական խաչ կրող անձին, որին հեռակա ճանաչում եմ։ Իրեն ձեռնաշղթաներով ասֆալտին վրա պառկացրել էին, քարշ տալով տանում  էին, ես ասացի՝ ի՞նչ եք անում, գիտե՞ք այդ մարդը ով ա, այդ պահին հարձակվեցին իմ վրա, ու կարմիր բերետավորներից մեկը մատը մտցրեց աչքս։ Ասում են՝ տեսանյութը կա, բայց ես չեմ նայել»։

Իսկ իշխանությունն այն կարծիքին է, որ ոստիկանության վարկանիշն ահռելի աճ է գրանցել: Մասնավորապես, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը իրենց պարտքը «գերազանց կատարելու համար», նման վստահություն է հայտնել:

Փոխոստիկանապետ  Արա Ֆիդանյանն էլ լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և անտեղի որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031