«Կենտրոնի ոստիկանության բաժինը «բեսեդկա է»՝ իր նայողով». Վազգեն Սաղաթելյան
ՀՀ ոստիկանությունում շարունակվում են 90-ականների բարքերը: Սրանում այսօր համոզվել է անհնազանդության ակցիայի մասնակից Վազգեն Սաղաթելյանը՝ լինելով Կենտրոնի ոստիկանության բաժնում:
«Այսօր առավոտյան 8:50-ի սահմաններում ինձ բերման ենթարկեցին Պուշկին-Կողբացի խաչմերուկից՝ չներկայացնելով որևէ օրինական պահանջ, և այն պարագայում, երբ ես արդեն երթևեկելի հատվածում չէի, ինչի մասին ես գրել եմ իմ բացատրության մեջ, երբ ինձնից փորձում էին ստանալ ստորագրություն, որ ես իբր չեմ կատարել ոստիկանության օրինական պահանջը: Նման բան չկա: Ես բացատրության մեջ գրել եմ, որ պահանջ չի եղել, պարզապես ինձ հետևից եկել և վերցրել են, երբ ես արդեն չեմ գտնվել երթևեկելի հատվածում: Բայց դա արել են զգույշ, ինձ չեն վնասել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Սաղաթելյանը՝ նշելով, որ առանց առարկության ոստիկանությունում տվել է իր տվյալները:
Այնուհետ Սաղաթելյանը շարունակում է, որ ներս է մտել քրեականի պետը՝ Մամիկոնյան ազգանունով, որը իրեն դիտողություն է արել՝ ոտքդ ոտքիդ վրա մի դիր:
«Հիմա մտածում եմ՝ էս Մամիկոնյանն ի՞նչ լիազորություն ունի իմ նստելաձևի վերաբերյալ դիտողություն անելու: Ենթադրում եմ, որ չունի, և շարունակում եմ ոտքս ոտքիս գցած մնալ: Հետևից մտնում է մեկ այլ անձ՝ քաղաքացիական շորերով, առանց իդենտիֆիկացիոն նշանների և ավելի վատ տոնի մեջ՝ ոտքդ ոտքիդ մի գցի: Ասում եմ՝ ընկեր ջան, սենց է ինձ հարմար նստել, ի՞նչ ես ուզում: Բա թե՝ քեզ ասեցինք՝ տենց մի արա: Եվ հետևից մտնում է 4 հոգի մարդ, 5 հոգով քաղաքացիական շորերով, արայախառը լեքսիկոնով, իհարկե, հայհոյանք չկար, բայց կիսագողական ռազբորկեքի մեջ… Ես, իհարկե, փորձում եմ ինչ-որ ձև ամեն մեկին արձագանքել՝ մի հատ տեղը բերեք, թե որտեղ ենք գտնվում, ոստիկանին հարիր պահվածք ցուցաբերեք, ինչին ի պատասխան՝ սրանք և հատկապես 2 հոգի սկսում են ինձ ճնշել, հարվածել»,- մանրամասնել է Սաղաթելյանը՝ նշելով, որ այդ 2-ի դեմքերը ֆիքսել է:
Մանրամասները՝ տեսանյութում