Նախկինների և գործող իշխանությունների Արծրուն Հովհաննիսյանները

Ապրիլյան պատերազմից անցել է 6 տարի, սակայն, հիմնականում իշխանության ներկայացուցիչների ձեռամբ, 2016-ի մարտական գործողությունները ժամանակ առ ժամանակ որոշ շրջանակների կողմից քննարկման առարկա են դառնում՝պատերա՞զմ էր, թե՞ զուտ օպերացիա, հաղթե՞լ ենք, թե՞ ընդամենը զսպել հակառակորդին, ո՞վ է, ի վերջո, խնդրել կանգնեցնել պատերազմը՝ հայկակա՞ն կողմը, թե՞ ադրբեջանական:

Մասնավորապես, ապրիլի վերջին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կասկածի տակ էր դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

«Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը շատ կարևոր ռազմավարական դիրքեր գրավեց և հետևաբար՝ չէր կարող խնդրողը լինել, որ կռիվը կանգնեցվի: Պաշտոնական տեղեկություն կա՞, որ Բաքուն պնդել է Մոսկվային, որ կռիվը կանգնեցնեն: Տեղեկություններ կան, որ ասել են՝ տարածքները խաղաղ կտան… Թող ապացուցեն, որ Ալիևն է խնդրել ապրիլյան պատերազմը կանգնեցնել: Ես շատ ուրախ կլինեի, որ իրենք խնդրած լինեին, բայց փաստերը ոնց որ հակառակն են խոսում: Ես ուզում եմ, որ մենք չշարունակենք մեզ խաբել, Խաչատուրովը թող գա ասի, որ՝ ես Մոսկվայում էի, և ադրբեջանցիները աղաչում էին, որ կռիվը կանգներ… Ապրիլյան պատերազմի ժամանակ Ալիևի բանակը 4 օրվա ընթացքում հաջողություններ է ունեցել, հաջողություն ունեցող կո՞ղմն է խնդրում դադարեցնել պատերազմը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել էր Նիկոլ Փաշինյանի կողմից վերջերս Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը:

Օրերս 24TV-ի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում Է. Մարուքյանի օրինակին է հետևել Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար աշխատած Արծրուն Հովհաննիսյանը, որը հիմա Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության հանձնաժողովում է փորձագետ աշխատում:

Ստորև ներկայացնում ենք Արծրուն Հովհաննիսյանի՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ գնահատականները՝ նախկին և ներկա իշխանությունների օրոք ասված:

2022 մայիսի 13: «Ադրբեջանի և մեր ՀՆԱ-ի աճի մասով և այլն ճակատագիրը մեզ «կարմիր քարտ» է տվել 2011-ին, իսկ 2016-ին դա «կարմիր քարտ» չէր, դա կրակոց էր գլխիդ, որ գնդակը գլխիդ կողքով անցավ: Կարող էր 5 սմ էս կողմ լիներ»,- 24TV-ի հետ զրույցում նշել է Արծրուն Հովհաննիսյանը, որից հետո հաղորդավարի հարցին՝ 2016-ին մենք հաղթե՞լ ենք, պատասխանել է. «Իհարկե՝ ոչ: Մենք ինչ-որ չափով զսպել ենք հակառակորդին, բայց հարց է՝ հակառակորդը արդյոք այդ խնդի՞րն էր դրել, թե՞ ոչ: Մենք մեր հերոսության գնով… նույն բանը 2020-ին է եղել տարբեր դրվագներում, այն է՝ տարբեր հատվածներում զորքը մինչև վերջ կանգնել-մեռել է, չի թողել խրամատը վերցնել, բայց դա չնշանակեց, որ դու հաղթել ես: Նույնն էր 2016-ին: Այսինքն, պետք է հասկանանք՝ 2016-ին հակառակորդն ինչ խնդիր էր դրել իր առաջ ռազմաքաղաքական: Եվ ո՞վ և ինչպե՞ս է կանգնացրել մարտական գործողությունները: Այդ հարցի պատասխանը գիտե՞ս, ես չգիտեմ մինչև էսօր: Ո՞վ և ինչպե՞ս կանգնացրեց»:

Լրագրողի հակադարձմանը՝ ասում են՝ Ադրբեջանն է խնդրել, Հովհաննիսյանն արձագանքել է. «Արդյո՞ք էդպես է: Վստա՞հ ես, ես չգիտեմ»:

2016 ապրիլի 14: Ռազմական փորձագետ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրավոր վերլուծություն է ներկայացնում, որում նա զուտ ռազմական տեսանկյունից նախ նշում է՝ այն լայնամասշտաբ պատերազմ չէր, և որոշակի առումով իր մեջ «հետախուզություն մարտով»-ի տարրեր էր պարունակում:

Եվ ահա, 2016թ. նույն Արծրուն Հովհաննիսյանն ասում է.

«Ոմանք այն անվանում են «հետախուզություն մարտով», որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով՝ դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ:

Բացի դրանից, ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել՝ մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաև թուրքական մամուլը, որը ևս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին:

Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ՝ Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիսում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաև այլ ուղղություններում:

Ըստ ադրբեջանական տվյալների, յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով՝ ընդհանուր մինչև երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային և հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաև կուտակվել էին զգալի տանկային ուժեր»,- 2016թ. գրում է Արծրուն Հովհաննիսյանը և անդրադառնում 2016-ի ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի դեպքին, որի մասին 168.am-ը մանրամասն մի քանի անգամ գրել է, այդ թվում՝ ներկայացնելով փաստաթղթային ապացույցներ:

«Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում՝ փորձ՝ օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն՝ այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում՝ փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում՝ մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն, քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում և որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն՝ հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը:

Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:

Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ և 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն, հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով, հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան «Բ»-ի՝ հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ ևս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաև ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել՝ հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի ամբողջ վերլուծությունը ներկայացնելու կարիք չկա, կարևորն այստեղ այն է, որ հանրագումարի բերելով մարտական գործողությունները, Հովհաննիսյանը իր հոդվածի վերջում գալիս է հետևյալ եզրահանգման.

«Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈՒ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ բարձր մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիր և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր նոր ուժեր ներգրավելու համար, քանի որ լայնածավալ համալրում և զորաշարժեր չէր կարող կատարել»:

 2016-ի մայիսի 9: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, նշել էր, որ ՊՆ-ն ապացույցներ է ներկայացրել, թե հակառակորդը մոտավորապես ինչ կազմով և ինչ խնդիր ուներ, ինչի էր ձգտում:

«Ես հասկանում եմ, որ առաջին հայացքից՝ պաշտպանվելով հաղթելը աբսուրդ է թվում լրատվամիջոցների և մարդկանց մոտ, որոնք ռազմական գործից շատ հեռու են: Բայց երբ գիտես, թե դիմացինդ ինչ ագրեսիայի էր ձգտում, ինչ խնդիր էր դրել իր առջև, որը ի վերջո տապալել է և խնդրել է զինադադար, սա ռազմական տրամաբանության մեջ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿ: Երբ նա ուզում էր մեկ օրում առնվազն 10 կմ առաջ գալ, բայց չի կարողացել առաջ գալ: Փորձել է գրավել շատուշատ բնագծեր և դուրս է շպրտվել այդ բնագծերից, և ընդամենը հյուսիսում մի երկու դասակի կազմի դիրք, իսկ հարավում մի վաշտից էլ փոքր մի հենակետ է վերցրել՝ տալով բանակի կորպուսի մակարդակով զոհեր, էդպիսի տեխնիկայի կորուստ, տապալելով ամբողջ ռազմագործողությունը, դա կոչվում է ՀԱՂԹԱՆԱԿ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:

2016-ի ապրիլի 22-ին 5-րդ ալիքի եթերում  Արծրուն Հովհաննիսյանը ընդունել է՝ ադրբեջանական կողմը ռազմական օպերացիան լավ էր պլանավորել, բայց դրա իրագործման առաջին իսկ րոպեից ականատեսն ենք եղել ծրագրի խախտման:

Այլ հարցազրույցներում Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ լավ է աշխատել 2016-ին նաև հետախուզությունը, միաժամանակ նա նշել է, որ ՀՀ իշխանությունները հետևություններ են արել, սխալների ուղղումներ, և, որ հայկական զինված ուժերի բռնած գլխավոր գիծը ճիշտ է:

Նա անգամ մի հարցազրույցի ընթացքում հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքը, որ ազատ հասարակությունները հաղթում են:

Այսքանից հետո հետաքրքիր է՝ Արծրուն Հովհաննիսյանը մոռացե՞լ է այս հարցազրույցները, թե՞ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա գնահատականներ է տալիս՝ ըստ պահի թելադրանքի, կամ քաղաքական նպատակահարմարության, այլապես ինչպե՞ս հասկանալ, երբ այն, ինչ 2016-ին Հովհաննիսյանի համար պարզից էլ պարզ էր՝ ՀԱՂԹԱՆԱԿ էր, իսկ հիմա կամ հակառակն է՝ գնահատականի առումով, կամ պարզ չէ՝ ինչ էր:

Տեսանյութեր

Լրահոս