Դավիթները զոհվում են, Վերգոներն են շատանում, իսկ Վերգոյից Դավիթ չի ծնվի. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։

Զրույցում նա նշել է.

  • Ով գալիս է իշխանության ժողովրդավարության լոզունգներով, հետո պարզվում է՝ այդքան էլ ժողովրդավար չէ:
  • Հայաստանի պարագայում ժողովրդավարության իմիտացիա է. քանի դեռ չկա ներկուսակցական ժողովրդավարություն, երկրի ներսում ժողովրդավարություն չի կարող լինել. կուսակցության լիդերը չի կարող լինել կուռք:
  • Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պետք է քննարկվեր Փաշինյանի առաջարկած 6 կետերը, որոնք կարծես Ադրբեջանի ԱԳՆ-ի չորրորդական կարգի աշխատողն էր գրել:
  • Ադրբեջանը 5 պահանջ էր ներկայացրել Հայաստանին, իսկ Հայաստանը՝ 6 պատրաստակամություն:
  • Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս իշխանությունները հայկական չեն, որ սա թուրք-ադրբեջանական խաղ է, և դա մի օր կբացահայտվի:
  • Հասարակության ճնշող մեծամասնության համար ընդունելի է թուրքական ենթակայության տակ խաղաղությունը:
  • Վախվորած քաղաքականությունն այսօր միակն է և ներկայացվում է խաղաղության փաթեթի մեջ:
  • Խաղաղության համաձայնագիր կարող է լինել հավասարների միջև. եթե երկուսից որևէ մեկը սպառնում է պատերազմով, դա խաղաղություն չէ. ցանկացած պահի, խաղաղության ցանկացած համաձայնագիր կարող է խախտվել, կարող է ոտնահարվել կամ դադարեցվել:
  • Պայմանագրերը սրբություն չեն, դրանք շատ հաճախ խախտվում են. Այս իշխանությունների նշած Խաղաղության պայմանագիրը պատրանք է:
  • Առաջընթաց չի նշանակում, թե մենք ժողովրդավարության բաստիոն ենք:
  • Հայաստանում ոչ մի չափանիշ, ցանկապատ գոյություն չունի. Հայաստանն անցանկապատ պարտեզ է. ոչ մի բան արգելված չէ, նույնիսկ հայրենիքի դավաճանությունն արգելված չէ. մարդ կարող է հայրենիքը դավաճանել ու ասել՝ դա իր անձնական կարծիքն է:
  • Եկեղեցին չի հավակնում իշխանություն վերցնել և պետություն ղեկավարել:
  • Եկեղեցին չի սատարում որևէ քաղաքական ուժի, որևէ կուսակցության:
  • Եկեղեցին չի զբաղվում քաղաքական գործունեությամբ:
  • Եկեղեցին կարևորագույն ինստիտուտ է. պետությունը և բանակը պետք է ավելի կարևորագույն ինստիտուտներ լինեին, քան եկեղեցին, ցավոք, այդպես չէ, և եկեղեցին բանակի և պետության ինստիտուտների բացակայության պայմանններում է դարձել կարևորագույնը:
  • Հայրենիքի դավաճանության հանդեպ անփույթ ու անտարբեր լինել չի կարելի:
  • Դադիվանքը, Ծիծեռնավանքը, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի ներքո են, փաստում են, որ դրանք մեր հայրենիքն են, ուստի եկեղեցին գծել է մեր սահմանները:
  • Մենք չենք կարող տարածքային պահանջներ չունենալ, հայ եկեղեցին չի կարող դրա հետ հարմարվել. այսպիսի հարցերի նկատմամբ հայ եկեղեցին, եկեղեցականը չեն կարող անտարբեր լինել:
  • Իշխանության կուսակցության լիդերը օր առաջ պետք է ազատվի վճարովի գրչակներից:
  • Նիկոլ Փաշինյանը շատ ավելի լավ է ուսումնասիրել ու շատ ավելի լավ է ճանաչում հայ հասարակությանը, ինքը լավ գիտի՝ ինչ անել, հարցերն ինչպես ներկայացնել, որ իր ճանաչած հասարակությունը լավ ընկալի և ասվածն ընդունի՝ որպես վերջնական ճշմարտություն:
  • Փաշինյանն անընդհատ ու աստիճանաբար իջեցնում է նշաձողը:
  • Հայրենիքը չսիրող, հայրենիքը չգնահատող, հացը և կացը գնահատող ժողովուրդ ենք դարձել, դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ. սերուցքն է գնացել՝ Դավիթները զոհվում են, Վերգոններն են շատանում՝ բնականաբար, Վերգոյից Դավիթ չի ծնվի:
  • Հայերը սեփական տունն են պահում, հայրենիք չեն պահում:
  • Մենք ունեցել ենք մեկ ընտրություն՝ 1991 թվականին, մնացած ընտրությունները, եթե անգամ չեն կեղծվել, ապա անպայման վարչական ռեսուրս է կիրառվել:
  • Եկեղեցու դեմ հարձակումները դրսից թելադրված ծրագիր է:
  • Այն, որ հայ ժողովուրդը մոնոլիտ է՝ շատերին դուր չի եկել, դրա համար դրսից ստեղծվել է Հայ Ավետարանական և Հայ Կաթողիկե ստեղծելու ծրագրերը, նպատակը հայությանը բաժանելն է, Արևմուտքը դեռ չի ավարտել բաժանման ծրագիրը և պետք է շարունակի մասնատել հայությանն ու Հայ Առաքելական եկեղեցին:
  • 3 սկզբունք կփրկի հայությանը՝ կարևոր բաների նկատմամբ միություն, երկրորդական բաների մեջ ազատություն, բայց ամեն ինչի մեջ սեր:
  • Այս իշխանությունների հեռացումը դեռ հարցի լուծում չէ: Իսկ այս պահին հասարակության մեծամասնությունը սպասում է հարցի պատասխանին՝ ո՞վ է գալու, ո՞վ է այլընտրանքն այս իշխանությունների:
  • Մեր ժողովուրդը, ցավոք, գաղափարին ձայն չի տալիս, մեր ժողովուրդը ձայն է տալիս անձին. սպասում է առաջնորդի, որին կսիրի զգացմունքով, որն իրեն հաճելի կլինի:
  • Հայ եկեղեցու մերժումը սկսվել է Պապ թագավորից, Սովետական պատմագրությունը իդեալականացրեց Պապ թագավորին՝ իբրև մարտիկ հայ եկեղեցու դեմ: Փաշինյանն էլ ուսումնասիրել է սովետական պատմագրությունը և տրվել դրան, գուցե մտածում է, որ եկել է փրկելու Հայաստանը ոչ միայն կոռուպցիայից, այլ նաև հայ եկեղեցուց:
  • Նզովք նշանակում է՝ ինստիտուցիոնալ դատապարտում. եթե եկեղեցին չի կիրառում իր նզովքը և բանադրանքը, ուրեմն դրա ժամանակը չէ: Չկա որևէ ուժ, որ կարող է եկեղեցուն թելադրել, եկեղեցին ղեկավարվում է սուրբ հոգու կողմից:
  • Եթե միմյանց չեք կարողանում սիրել, գոնե հայրենիքը սիրեք. գերագույն սերը սերն է հայրենիքի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս