Իրավաչա՞փ են, արդյոք, ոստիկանական գործողությունները. պարզաբանում են իրավապաշտպանները

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ ընդդիմության միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումն ունի ուղղորդված բնույթ:

«Դրանք ոչ թե պատահական, առանձին դեպքեր են, այլ պարզապես սարսափեցնելու, այս շարժումը կանխելու փորձ: Այս առումով աչքի է ընկնում առանձնահատուկ դաժանությունը, որով առանձին ոստիկաններ գործում են, և դրանից հետո որևէ քայլ այդ ոստիկանների հանդեպ չի քննարկվում:

Այլ երկրներում հնարավոր է՝ ոստիկանները կիրառեն անհամաչափ ուժ, բայց դրանից անմիջապես հետո լինում են պետական այդ նույն մարմնի կողմից հստակ ձեռնարկված քայլեր՝ լինի կոչումի իջեցում, ոստիկանությունից հեռացում և այլն: Այստեղ նման պատասխանատվություն չկա, հակառակը՝ թվում է՝ խրախուսվում են նման գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ հաճախ ոչ միայն անհամաչափ ուժի կիրառման դրվագների ենք ականատես լինում, այլև քրեորեն հետապնդելի արարքների: Այս համատեքստում նա հիշեցրեց արձանագրված հայտնի կադրերը, երբ ոստիկանը բռունցքով հարվածում է խաղաղ ակցիայի մասնակցին:

Ի դեպ, ինչպես նախօրեին, այսօր ևս, վաղ առավոտից ընդդիմադիրների նախաձեռնությամբ տարբեր ուղղություններով ավտոերթեր իրականացվեցին: Ուշագրավ է, որ իշխանամերձ կայքերն արդեն նախօրեից «ավետում էին»՝ ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ մոռանալով նշել, որ «ժողովրդավարության բնօրրան» Հայաստանում ավտոերթի մասնակիցներն ունեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ: Ի դեպ, այսօր ևս խաղաղ ակցիայի բազմաթիվ մասնակիցներ են բերման ենթարկվել։ 

Ոստիկաններն իրենց գործողությունները պարզաբանել էին այս արձանագրումով․ «Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք:

Այդ կարգի գործողություններն իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն»:

Վերջինիս արձագանքել են մասնագիտական շրջանակները՝ մասնավորապես նկատելով, որ Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի ոստիկանի ներկայացրած՝ արագ քշելու պահանջը ոչ միայն օրինական չէ, այլև առերևույթ հանցավոր է։

Ավտոերթերի մասնակիցների հանդեպ ոստիկանական գործողություններն իրավապաշտպանը դիտարկում է նույն համատեքստում՝ համոզումով.  «Ոստիկանապետը հրաշալի գիտի՝ ինչ է կարելի և ինչ չի կարելի: Մենք պետք է հստակեցնենք, որ սա ամբողջովին կրում է համակարգային բնույթ, և այստեղ պատասխանատվության պետք է կանչվեն ոչ միայն իրականացնողները, այլև նրանց ղեկավարները»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, որ անցնող օրերին բազմիցս անդրադարձել է ոստիկանության անհամաչափ գործողություններին, ավտոերթի մասնակիցների հանդեպ ոստիկանական գործողություններին անդրադառնալով՝ հիշեցրեց միջազգային փորձի մասին:

«Խաղաղ հավաք իրականացնելու իրավունքն իրականում կախված է դրա մասնակիցների քանակից: Ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ, օրինակ, Գերմանիայի ֆերմերների դեպքով ևս այն դիրքորոշումը հայտնեց, որ կախված է բողոքողների քանակից. ինչքան բողոքողների քանակը շատ, այնքան ավելի լեգիտիմ է իրենց կողմից ճանապարհը փակելու գործողությունը՝ որպես իրենց խնդրի բարձրաձայնման միջոց:

Այս դեպքում ևս նույնն է. եթե 100 մեքենա անի ավտոերթ, ոնց էլ չշարժվեն՝ ակնհայտաբար դա խանգարելու է երթևեկությանը, բայց միևնույն է, ոստիկանությունը պետք է աջակցի, որ իրենք դա անեն, բայց եթե երկու-երեք մեքենա որոշում է Իսակովի պողոտայով շարժվել 10 կմժամ արագությամբ, ստացվում է՝ այս պարագայում արդեն ոստիկանության պարտականությունն է երթևեկության բնականոն ընթացքը վերականգնելը, որովհետև նորմալ չի, որ 2-3 հոգի պարալիզացնեն  քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, օրինակի համար եմ ասում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Հարցին, արդյո՞ք  մշտադիտարկման արդյունքում են պարզել մասնակիցների արձանագրվող քանակը, նա պատասխանեց. «Տարբեր էպիզոդներ, կադրեր ենք ուսումնասիրում հիմա, տեղում աշխատող մեր մարդիկ ինֆորմացիան տալիս են, և շատ տեղեր կան, որտեղ երեք չէ, երկու մեքենա է»:

Տեսանյութեր

Լրահոս