Այն, որ Փաշինյանը դահիճ է և դավաճան, ԱԺ-ի ամբիոնից ամբողջապես ընդունել է հենց ինքը՝ Փաշինյանը․ Ռուբեն Հակոբյան
Այս ժողովրդական ընդվզումը բազմաշերտ է, օրինակ՝ զոհերի հարազատներին վրդովեցրել է հատկապես Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, երբ նա պարզ հայտարարեց, որ տղաները զոհվել են իր պատճառով, մինչդեռ կարող էին և չզոհվել։ Հասկանալի է, որ այս դեպքում ամբողջ ողբերգության էմոցիան լրիվ այլ ուղղությամբ պետք է գնար, և շատ բնական է, որ զոհերի հարազատները պետք է ոչ միայն իշխանափոխություն, այլև Փաշինյանի դատավարություն պահանջեն։ Ավելին՝ զոհերի բարեկամներին ոչ այնքան հետաքրքրում է, թե նա իշխանությունից երբ կհեռացվի, որքան այն, որ իրենց երեխաներին մահվան տարած, գլխատած այդ հանցագործը դատապարտվի։ Սա քաղաքական, բայց և ժողովրդական շարժում է, և ամեն մեկը հարցին յուրովի է մոտենում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Այսօր հրապարակում կան խաբվածներ, որոնք գալիս են «վրեժ լուծելու»։ Պետք է համարձակություն ունենանք և ընդունենք, որ 2018-ին մեր ժողովուրդն իր հավաքական ստորագրությամբ խաբվել է՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին։ Սա հոգեբանական լուրջ խնդիր է, շատերը վիրավորվում են՝ մտածելով, որ խաբվել են, չեն ուզում հավատալ դրան։ Փաշինյանը կարողացավ էմոցիա գողանալ։ Նա վատ տրիբուն չէր՝ մոտավորապես Հիտլերի մակարդակի էր, իսկ Հիտլերն աշխարհի լավագույն տրիբուններից մեկն էր։ Ժամանակակիցների հուշերում ասվում է, որ նրա ճղճղան, էներգետիկ ելույթների ժամանակ կանայք անգամ հեշտանք էին ապրում։ Նույն ճղճղան ոճով Փաշինյանն էր խոսում։ Նա կարողացավ հասարակությանը ոչինչ չտալով՝ ո՛չ ինտելեկտի, ո՛չ քաղաքակրթական, ո՛չ քաղաքական, ո՛չ ազգային հարցերում, գողանալ մարդկանց էմոցիաները՝ «Սաշիկի 50 տոկոսներ», «սոված և անօթևան ծերեր», «Բադեն-Բադեն» և այլն»,- ասաց քաղաքական գործիչը։
«ԱԺ-ում ես և Փաշինյանը հարևանությամբ էինք նստում, հինգ տարում գոնե մի անգամ որևէ դրական բան չասաց, լեցուն էր պրկված չարությամբ, ատելությամբ։ Հետագայում պարզվեց, որ նա խորհրդարանից և ժողովրդից վրեժ է լուծում, որ նորմալ մանկություն չի ունեցել։ Բայց ժողովուրդն իր բաց նյարդով ընդունեց նրա ասածները, պատրաստ էր խաբվելու, քանի որ օբյեկտիվ պատճառներ կային։ Փաշինյանն ընկեցիկ չէ, ապօրինի կամ մանկատան զավակ չէ, մեր հավաքական կերպարն է նրան ծնել և սնել, նա ծնվել է՝ որպես առողջ հրեշ։ Ցանկացած նորածնի հետ՝ լինի գայլ, առյուծ, շնաձուկ, սկզբում խաղում ես, իսկ երբ մեծանում է, նոր զգում ես, որ հրեշ է, թունավոր է։ Փաշինյանը նորմալ ծնունդ է ունեցել, բայց մենք համարձակություն չունեցանք ասելու, որ մենք ենք մեր հավաքական կերպարով նրան ծնել, սնել, կրթել, դաստիարակել այդպես, մենք էլ պիտի նրան հեռացնենք։ Համարձակություն է պետք, որ մարդն ինքն իր մեջ հասկանա՝ խաբվելը, սխալվելը բնական իրավունք է, հիմա պետք է ուղղի իր սխալը, պետք է այդ գիտակցությանը գա։ Մարդ չի ուզում ինքն իրենից ներողություն խնդրել, որ խաբվել է։ Մի գիտնական ինձ ասում էր՝ ինչպե՞ս կարող է ես սխալված լինեմ։ Հավաքականորեն պետք է ազատվել Փաշինյանից»,- նշեց Հակոբյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ արդեն ապացուցման կարիք էլ չունի, որ Փաշինյանը դահիճ ու դավաճան է, և որքան էլ ընդդիմությունը պնդի դա, բոլորից համակողմանի, փաստարկված և ամբողջական այդ մասին խոստովանել է հենց Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնից․ «Հիտլերը, որն ի վերջո գաղափարական, քաղաքական շարժման նվիրյալ հեղինակ էր, երբ տեսավ, որ իր քայլերով կործանեց, պարտության մատնեց Գերմանիային, արժանապատվություն և տղամարդկություն ունեցավ՝ տիկնոջ հետ ինքնասպան եղավ։ Երբ Փաշինյանը խորհրդարանում խոսում էր, մտածում էի՝ հրաժարական կտա, քանի որ գիտեմ՝ վախկոտ է։ Միգուցե ընդուներ, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, մեր սուբյեկտայնությունը չզրոյացվեր, արժանապատվությունը չգլխատվեր։ Պարզվեց՝ ոչ։ Որպես պետություն՝ այսօր գլխատված արժանապատվությամբ ենք ապրում, որովհետև մեզ բանի տեղ դնող չկա, մեր հարցերը քննարկում և լուծում են առանց մեր մասնակցության»:
«Փաշինյանի վերջին ելույթին հաջորդած ծափահարությունները խայտառակ էին։ Մենք պետք է նրա կերպարն ամբողջապես հասկանանք։ Նա 2018-ին եկավ «Մերժի՛ր Սերժին, որ ես դառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսով, այլ գաղափարաքաղաքական ծրագիր նա չուներ։ Փաշինյանն իրադրությունը ճիշտ է որսում, մեր խնդիրն է՝ հասկանալ՝ ինչը նրան դարձրեց վարչապետ և գլխակեր։
Նա սկսեց «Քա՛յլ արա»-ից, հետո միացավ «Մերժի՛ր Սերժին»-ը, քայլ անելը պետք է դրանով ավարտվեր։ Երբ «Սերժին մերժեց», ասաց՝ ինչո՞ւ ոչ՝ «կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Հիմա արդեն երկրորդ արարն է՝ կա՛մ նա կմնա վարչապետ, կա՛մ Հայաստանը՝ քարտեզի վրա։ Իր ինքնախոստովանության մեջ իրականում գավառական ճարպկություն կար։ Փաշինյանի համար Հայաստան երկիր գոյություն չունի, այն ընդամենը աշխարհագրական տարածք է»,- ամփոփեց Ռուբեն Հակոբյանը: