Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին:
Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ երկօրյա գիտաժողովին մասնակցում են ուսանողներ և դասախոսներ ԱՀ ևՀՀ տարբեր համալսարաններից:
Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության՝ Արցախին բարոյական աջակցության ցուցաբերման առումով, ինչը լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:
«Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաքե,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին: