Բաժիններ՝

Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կրակից վիրավորված քաղաքացին վիրահատվել է, վիճակը կայուն է. Ռուզաննա Գրիգորյան

Մայիսի 7-ին ադրբեջանական կողմից Սոթքի հանքավայրի ուղղությամբ բացած կրակի արդյունքում հրազենային վիրավորում ստացած հանքի հորատող աշխատակիցը վիրահատվել է: 168.am-ին հայտնեց հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Հանքի աշխատակիցը վիրավորվել էր ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրա ներքին օրգանները չեն վնասվել։ Նա արդեն վիրահատվել է, բժիշկները առողջական վիճակը կայուն են գնահատում, ամեն ինչ նորմալ է»,- մանրամասնեց Ռուզաննա Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ընկերության աշխատանքները վերսկսելուն՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Սոթքը կիրակի՝ մայիսի 8-ի վաղ առավոտյան սկսել է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Նշենք, որ դեպքին անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում.

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգիռ է Սոթքի ոսկու հանքավայրի անխափան աշխատանքով։ Իհարկե, մենք շահագրգիռ ենք, որ հանքը նորմալ ու անխափան գործի, սա շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար նաև սոցիալական առումով»,- ասել է Կոպիրկինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս