Ադրբեջանի ախորժակն ու գործող իշխանությունների հակասական հայտարարությունները

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է, այսպես կոչված, «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։

Ադրբեջանի փոխարտգործնախարարին Հայաստանն արձագանքել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մակարդակով: Վերջինս «Արմենպրես»-ին տված հարցազրույցում կրկնել է 2021թ. նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ այս պահին իրենց ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել:

«Մենք բազմիցս ասել ենք, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա: Այս պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել: Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում»,- ասել է Մարուքյանը:

Այսպես կոչված, «անկլավների» հարցն ընդդիմությունը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, բայց գործող իշխանություններն այդպես էլ որևէ հստակ պատասխան չեն տվել: Օրինակ՝ 2021թ. հունվարի 20-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Փաշինյանից հետաքրքրվել էր Տիգրանաշենի ճակատագրով, Նիկոլ Փաշինյանն էլ հարցին հարցով էր պատասխանել, թե ինչո՞ւ չեն հարցնում՝ Արծվաշեն գյուղի հետ ինչ է լինելու:

«Հայաստանը ինչպես Վրաստանի և Ադրբեջանի հետ չի արել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, և այն իրավական, մոտավորապես, հիմքերով, որով որոշվել է Հայաստանի և Վրաստանի սահմանը, նույն սկզբունքով որոշվել է կոնկրետ ձեր ասած հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, մնացածը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր են: Օրինակ՝ նույն Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզում, նույն Արարատի մարզում կան հայկական տարածքներ, որոնք մինչև այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչո՞ւ այդ հարցերը չեք բարձրացնում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

2021թ. հունիսի 11-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանն «անկլավների» հարցի վերաբերյալ նշել էր, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռևս 1999 թվականից։

«Այսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են, բայց իրականությունը ճիշտ հակառակն է, կային մարդիկ, որ ասում էին, ինչ նկատառումով՝ ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետև և այլն, և այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետը ընդհանրապես հանվել է»,- ասել էր Փաշինյանը՝ նկատի ունենալով նոյեմբերի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որի վերաբերյալ տարբեր առիթներով նշել է, թե ժամանակ չի ունեցել այն որևէ մեկի հետ քննարկելու, որովհետև պետք է 25-30 հազար զինվորի կյանք փրկեր: Այն, որ Փաշինյանն ինքն իրեն բազմիցս հակասել և հակասում է, բոլորին է հայտնի, բայց վերադառնանք «անկլավների» թեմային:

Այսպես, 2021թ. հունիսի 11-ին Փաշինյանը նշել է, որ իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ՝ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։

Այդ օրը նա ներկայացրեց նաև հարցի լուծման իր պատկերացումը. «Կա միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր, որ այն իրավիճակը, որ կա, ուղղակի թողնել, որովհետև մենք էլ անկլավ ունենք, Արծվաշեն ունենք՝ Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»:

Փաշինյանը նշել էր, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, «բացի այդ, այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարներով վարելահողեր կան, որոնք գտնվում են ադրբեջանցիների տիրապետության տակ»:

Հետաքրքիր է, թե արդյո՞ք Ադրբեջանին ներկայացված 6 կետերում անկլավների հարց ընդհանրապես  բարձրացվել է. այդ մասին կարող ենք միայն ենթադրություններ անել, որովհետև գործող իշխանությունները մինչև այժմ Ադրբեջանին ներկայացրած 6 կետից և ոչ մեկը չեն գաղտնազերծել: «Անկլավների» վերաբերյալ ագրեսիվ քարոզչություն Ադրբեջանն է անում, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից մինչև այժմ արված հայտարարություններում որևէ հստակություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս