«Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք, կողմ չքվեարկեիք, չգրեիք՝ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է». Փաշինյանը՝ Իվետա Տոնոյանին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ակնկալում է առանց խուսանավումների և առանց մանևրելու պատասխան:

Տոնոյանն իր հարցի նախաբանում ամփոփեց իշխանության պաշտոնավարման երեք տարիները՝ նկատելով. «Ունենք հետևյալ պատկերը՝ պարտված պետություն, հազարավոր զոհեր, Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 40 հազար ընտանիքներ, որոնք ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, տնտեսական կոլապս, վերջին տասնմեկ ամիսների ընթացքում շուրջ 7.5 տոկոս ՀՆԱ-ի անկում, ներդրումների զրոյական մակարդակ, համավարակի դեմ պայքարի գործընթացի ձախողում, հազարավոր զոհեր դրա հետևանքով, և նաև՝ հանրապետությունում ձևավորված՝ միմյանց հանդեպ թշնամանքի մթնոլորտ: Այս ամենից պարզ է դառնում մեկ բան, որ այս իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, պարզապես չի կարող լինել մեր հանրապետության ֆիզիկական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական անվտանգության երաշխավորը:

Այսօր, երբ յուրաքանչյուր օր մեր երկրի սահմանային բնագծերը GPS-ով փոխվում են, որպես կանոն` ի նպաստ բացառապես Ադրբեջանի, մենք շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր նաև Տիգրանաշեն (Քյարքի) համայնքի բնակիչներից: Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի այս ամբիոնից վարչապետը ասի բաց տեքստով՝ արդյո՞ք Տիգրանաշենին չի սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ և Որոտան համայնքներին և, ընդհանրապես, որևէ այլ բնակավայրի՝ որ մարզում էլ որ դա գտնվելու լինի: Խնդրում եմ, որպեսզի այս ամբիոնից դուք հայտարարեք՝ արդյո՞ք այս իշխանությունը տալիս է այդ երաշխիքները»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես ստիպված եմ ասել՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է շատ լուրջ հասկանալ: Օրինակ՝ կար ժամանակ՝ Հայաստանում կային քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում էին, ասում էին, որ Ալիևի տեղը լինեմ՝ ես հիմա կհարձակվեմ, շատ հարմար ժամանակ է, որովհետև հարմար է հատկապես այստեղից մտնել և այստեղից դուրս գալ, շատ հետաքրքիր կոորդինատներ կան էստեղ, էստեղ և էստեղ, և ասում էին հրապարակային՝ մամուլի ասուլիսի ընթացքում»:

Անդրադառնալով Շուռնուխի խնդրին՝ նա ասաց. «Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ քվեարկելով, դուք, Ձեր խմբակցությունը, և այս դահլիճում նստած մարդկանցից անձամբ կողմ քվեարկողներ կան էդ օրենքին: Այն ժամանակ, որ ընդունում էիք այդ օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում»:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել հետևյալը, որ Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և հակամարտության հետևանքով առաջացած կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն: Իսկ մենք էլ ունենք այդպիսի օրակարգ, և այդ օրակարգը քննարկում ենք:

Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ, օրինակ, այս ամբիոնից որևէ մեկը չի բարձրաձայնում՝ բա Արծավշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու, օրինակ, օրինակ, ինչի՞ չեք հարցնում՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու, մոռացե՞լ ենք, Արծվաշեն գյուղի հետ ինչ է լինելու, կամ, էլի եմ ասում, հերիք է ասեք՝ Շուռնուխ-Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի… բա որ կողմ էիք քվեարկում, այն ժամանակ չէիք մտածո՞ւմ, բա չքվեարկեիք կողմ: Ասեիք՝ չէ, Շուռնուխից այն կողմ Հորադիզ համայնքն է, գրեիք՝ Շուռնուխից այն կողմ ԼՂ Հանրապետությունն է, չգրեիք՝ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, ու կողմ չքվեարկեիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի վրա ևս. «Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Վրաստանի Հանրապետության հետ, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ չի արել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, և այն իրավական մոտավորապես հիմքերով, ինչ որոշվել է Հայաստանի և Վրաստանի սահմանը, նույն սկզբունքով որոշվել է կոնկրետ Ձեր ասած հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ մնացածը դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր են: Օրինակ, Տավուշի, մարզում, Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում կան հայկական տարածքներ, որոնք մինչ օրս գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, դուք ինչի՞ այդ հարցերը չեք բարձրացնում:

Ես ուզում եմ հասկանալ՝ մեր քաղաքական միտքը սնվում է բացառապես ադրբեջանական լրատվամիջոցների՞ց, մեր ընդդիմությունը սնվում է բացարձակապես Ադրբեջանի խոսույթի՞ց»:

Իվետա Տոնոյանն արձագանքեց. «Ըննդիմությունը, ի տարբերություն իշխանության շատուշատ ներկայացուցիչների, ոչ ադրբեջանական լրատվամիջոցներից է սնվում և ոչ էլ գաղափարական նրանց եզրույթներն է քննարկման բովանդակային դաշտ բերում:

Շուռնուխի հետ կապված՝ ես, իհարկե, հասկանում եմ, մանիպուլյացիաների միջոցով հնարավոր է հեշտորեն հանրային տրամադրությունները շեղել, սակայն Դուք, համենայն դեպս, լինելով նախկինում պատգամավոր, պետք է, որ շատ լավ իմանայիք, որ նույն ձեր մատնանշած օրենքով որևէ կերպ չեն ամրագրվել պետական սահմանները»:

Պատգամավորը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց կոնկրետ Տիգրանաշեն համայնքի ճակատագրին առնչվող հարցին, ապա կրկին դիմելով նրան՝ հետաքրքրվեց. «Չե՞ք կարծում արդյոք, որ Դուք և Ձեր ղեկավարած քաղաքական թիմը սպառել եք ձեզ և պետք է հեռանաք»:

«Շատ լավ, սպառել ենք մեզ, մենք ձեզ ասում ենք՝ եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անենք, տեսնենք՝ ո՞վ է սպառել»,- պատասխանեց նա՝ այդպես էլ չանդրադառնալով Տիգրանաշենի ճակատագրին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս