Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը չեզոք դիրքորոշում որդեգրել

Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին Կենտրոնական բանկն արժութային շուկայում գործարքներ չի կատարել։ Ո՛չ տարադրամ է գնել, և ո՛չ էլ վաճառել։ ԿԲ-ն իրեն չեզոք է պահել փոխարժեքի տատանումների նկատմամբ։

Սակայն այն ժամանակ շուկան համեմատաբար հանգիստ էր, մեծ տեղաշարժեր չկային։

Պատկերը փոխվեց հատկապես մարտի սկզբից, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ֆինանսական շուկայում մեծացավ լարվածությունը։ Դրամն արժեզրկվեց։ Չնայած դրան՝ Կենտրոնական բանկը շարունակեց չեզոքություն պահպանել, չարձագանքեց դրամի արժեզրկմանը և տարադրամային ներարկումներ չարեց։

Հաջորդ փուլում դրամը սկսեց արժևորվել, այն էլ՝ բավական մեծ չափով։

Բայց ԿԲ-ն շարունակեց նույն չեզոք վարքագիծը։ Տպավորություն է, որ թողել է, որպեսզի փոխարժեքներն ուզածի չափ ազատ լողան։

Դրա արդյունքում դրամը՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ՝ եվրոպական արժույթների նկատմամբ հասցրել է այնքան ամրապնդվել, որ փոխարժեքները հասել են վերջին 7-8 տարիների նվազագույնին։ Արժույթի փոխանակման կետերում դոլարի գնման գինը մայիսի 2-ի դրությամբ իջել է՝ մինչև 445, վաճառքինը՝ 452 դրամի։

Այդպիսի գինը Հայաստանում եղել էր 2014թ. վերջին։

Եթե հաշվի առնենք, որ դոլարի այդ փոխարժեքը հաստատվել է մարտի արժեզրկումից հետո, երբ դոլարի գինը հասել էր 520-525 դրամի, ապա կստացվի, որ դրամը հասցրել է ամրապնդվել առնվազն 13-14 տոկոսով։

Եվրոն ևս էժանացել է ու իջել 500 դրամից։ Եվրոյի փոխարժեքը 475-480 դրամ է։

Չնայած այս դրսևորումներին, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում տնտեսության արտահանելի հատվածի համար, Կենտրոնական բանկը չի շտապում միջամտել փոխարժեքի շուկայում ստեղծված իրավիճակին և կանգնեցնել դրամի ամրապնդումը։ Տպավորություն է, որ հավելյալ տարադրամը ԿԲ-ին պետք չէ, և ոչ մի նշանակություն չունի, որ դրամի շարունակվող ամրապնդումը վտանգներ է ստեղծում տնտեսության համար։

Այսպես էլ «սերտորեն» համագործակցում են Կենտրոնական բանկն ու կառավարությունը։

Թեև դա ինչ-որ տեղ հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ գնաճի կայունության խնդիրը կառավարությունն իր վրայից գցել է և ամբողջությամբ դրել Կենտրոնական բանկի վրա։

Ոչ վաղ անցյալում ֆինանսների նախարարը հայտարարում էր, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում, և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջակայք։

Օրենքով սահմանված շրջակայքը 3,5-5,5 տոկոսն է։ Այնինչ՝ վերջին տվյալներով, գնաճը Հայաստանում կազմել է 7,8 տոկոս։ Ու եթե Կենտրոնական բանկին պարտավորեցրել են այն վերադարձնել օրենքով սահմանված շրջակայք, ապա հարկադրված է հնարավորինս կոշտացնել գնաճի դեմ պայքարը։

Պայքարի գործիքներից մեկն էլ դրամի ամրապնդումն է։

Դրամի ամրապնդումը նպաստում է ներմուծման էժանացմանը։ Հայաստանը եղել և շարունակում է լինել մեծ քանակությամբ ներմուծում իրականացնող երկիր, ու այդ առումով դրամի արժևորումը միանշանակ դրական է գնաճի զսպման համար։ Այլ բան, որ դա ոչ միշտ է համարժեք արտահայտվում գների նվազման վրա։

Գների նվազման էլաստիկությունը, ի տարբերություն բարձրացման, թույլ է։ Դա բերում է նրան, որ երբեմն ազգային արժույթի ուժեղացման ազդեցությունը գնաճի վրա այնքան չէ, ինչքան կարող էր ակնկալվել։ Խնդիրը կառավարության դաշտում է, բայց հիմնականում բաց է մնում, ինչն էլ ստիպում է Կենտրոնական բանկին գնաճի կայունության ապահովման նպատակով էլ ավելի մեծ ճնշում գործադրել տնտեսության վրա։

Դրամի ամրապնդումից շահում է ներմուծումը, տուժում է մեր տնտեսության արտահանելի հատվածը։

Տնտեսության արտահանելի հատվածը մինչև ազգային արժույթի արժևորումը տուժում էր ռուբլու թուլացումից, Ռուսաստանի տնտեսության զարգացումների դանդաղումից ու ռուսական շուկայում սպառողական պահանջարկի կրճատումից։ Հիմա դրան ավելացել են նաև արտահանման այլ շուկաները, որտեղ առևտուրը դոլարով ու եվրոյով է։

Դրամի ամրապնդման հետևանքով մեր արտահանողներն արտահանումից ավելի քիչ գումար են ստանում՝ իրենց ծախսերը կատարելու, պարտավորությունները սպասարկելու, առավել ևս՝ շրջանառությունները համալրելու համար։

Դոլարի ու եվրոյի թուլացումը կամ դրամի ամրապնդումը չի բխում մեր տնտեսության շահերից։

Ամերիկան և Եվրոպան սեփական արժույթների թուլացմամբ փորձում են խթանել իրենց արտահանումը, իսկ մեր պարագայում հակառակն է. ամրապնդվում է ազգային արժույթը՝ խեղդելով արտահանումն ու թուլացնելով հայկական ապրանքների մրցունակությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում։

Սա Կենտրոնական բանկի ու կառավարության ոչ համաչափ գործունեության ու արդյունավետ համագործակցության բացակայության հետևանքներից մեկն է, որից տուժում է՝ ինչպես գնաճը, այնպես էլ՝ տնտեսությունը։

Դրամի ամրապնդումը խնդիրներ է ստեղծում նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման համար։ Նվազում են ներկրումից ստացվող բյուջետային մուտքերը, որոնք բավական մեծ կշիռ ունեն հարկային եկամուտների կառուցվածքում։

Բյուջեն տուժում է նաև տնտեսության արտահանելի հատվածում, ազգային արժույթի ուժեղացման հետևանքով առաջացող տնտեսական խնդիրների պատճառով։

Թե ի՞նչ է պատրաստվում հակադրել սրան կառավարությունը, հայտնի չէ։

Փոխարենը՝ ակնհայտ է, որ փոխվում է համաշխարհային տնտեսության ու առևտրի ֆինանսական կառուցվածքը, ինչը նվազեցնում է հայտնի արժույթների պահանջարկը՝ հանգեցնելով դրանց արժեզրկման։

Դա ինչքա՞ն կտևի և մինչև ո՞ւր կհասնի, անորոշությունները շատ են։ Ըստ էության, նաև այդ անորոշություններն են պատճառը, որ Կենտրոնական բանկը չի շտապում կրճատել շուկայի տարադրամային առաջարկը։ Այն առայժմ փորձում է չեզոքություն պահպանել՝ թողնելով, որպեսզի դրամը շարունակի ամրանալ, ինչը միանշանակ տեղավորվում է գնաճը զսպելու և թիրախային միջակայք վերադարձնելու իր պարտավորությունների շրջանակներում, որքան էլ դրանից տուժում է տնտեսությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս