ՀՖՖ-ն՝ «հոր դուքյան»… հավաքականի ֆուտբոլիստների չափ ինքնապարգևատրվող ղեկավարներ, նախագահի տեղակալի18 միլիոնանոց տեխվերահսկող մանկական ընկեր, կանխատեսելի մատակարարներ ու կապալառուներ

Շուրջ մեկ ամիս առաջ՝ Նորվեգիա-Հայաստան խաղի 0:9 հաշվով խայտառակ պարտությունից հետո, 168.amանդրադարձել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) և Հայաստանի ազգային հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակին: Նյութի հրապարակումից հետո խմբագրության հետ կապվեցին ՀՖՖ աշխատակիցներ, ովքեր շատ ուշագրավ մանրամասներ հայտնեցին հայկական ֆուտբոլային և մերձֆուտբոլային իրողություններից:

Այս հրապարակման մեջ կներկայացնենք ՀՖՖ աշխատակիցների տեսանկյունը ու ստեղծված իրավիճակի պատճառների մեկնաբանությունը, ՀՖՖ-ում տիրող բարքերը:

Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ աշխատակիցների խոսքը:

«Բազմիցս խոսվել է, և մամուլում էլ եղել են բազմաթիվ հրապարակումներ, թե ինչպես են ընտրվել, բայց իրականում նշանակվել ՀՖՖ ներկայիս ղեկավարները՝ ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրությունների պահանջների երկու տասնյակից ավելիի հասնող խախտումներով, քրեորեն հետապնդելի բռնություններով, շանտաժով, կեղծիքներով, քաղաքական ու պետական տարբեր, այդ թվում՝ նաև ուժային կառույցների միջամտությամբ, և այլն:

Փաստացի կեղծիքներով ու բռնությամբ ՀՖՖ ղեկավարներ կարգվածները նույն կեղծիքների, շանտաժի ու բռնության գործադրմամբ կասեցրեցին թվով 9 ոչ յուրային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին՝ ժողովի օրը, ոստիկանական և պահնորդական ծառայության մեծաթիվ ուժերի ներգրավմամբ, արգելելով նշված ակումբների մուտքը ժողովի անցկացման վայր և զրկելով նրանց իրենց դիրքորոշումը հայտնելու և պաշտպանվելու հնարավորությունից: Արդյունքում՝ ապահովեցին իրենց հետագա անխափան վերարտադրությունը և ՀՖՖ Ընդհանուր ժողովներում իրենց համար ցանկալի որոշումների կայացումը։

Նույն ՀՖՖ-ի, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրությունների կոպտագույն խախտումներով՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմում ընդգրկվեցին գործող իշխանության և իշխող քաղաքական կուսակցության առանցքային ներկայացուցիչներ, ինչով և ապահովվեց պետության և իշխող քաղաքական ուժի անթույլատրելի միջամտությունը ազգային ֆուտբոլի կառավարման գործընթացին։

ՀՖՖ գործկոմում ընդգրկվեցին՝

Աղաբեկյան Հրաչիկ` «ՖԱ «Արագած» ՀԿ
Աղբալյան Գագիկ` «Աչաջուր» ՖԱ ՀԿ
Առաքելյան Կիմ` «Գանձասար» ՖԱ ՀԿ
Գալստյան Պողոս` «Արարատ-Արմենիա» ՖԱ
Թադևոսյան Անն՝ ՀՖՖ-ի կանանց ֆուտբոլի բաժնի պետ
Հակոբյան Տիգրան` «Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ
Ղազազյան Հայկ` «Փյունիկ ՖԱ» ՀԿ
Ղարիբյան Հասմիկ՝ Հայաստանի կանանց հավաքականի նախկին ֆուտբոլիստուհի
Մկրտչյան Արեն` ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ
Յագան Հրաչ` ՖԱ «Արարատ» Հ/Ձ ՓԲԸ
Նավոյան Բագրատ` ««Ալաշկերտ» ՖԱ»» ՀԿ
Նիկողոսյան Արմեն` «ՆԻԿԱՐՄ» ՖԱ ՍՊԸ
Շաբոյան Կարեն` «Սևան ՖԱ» ՍՊԸ
Շահգելդյան Արմեն՝ «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ
Սահակյան Արթուր՝ ««Նոա» ՖԱ» ՀԿ
Սարգսյան Ալբերտ՝ «ՖԱ «ԱՆԻ» ՀԿ:

Ի դեպ, օրեր առաջ Հայկ Ղազազյանը տեղեկացրեց, որ լքում է գործկոմի կազմը:

Կարճ ժամանակահատվածում ՀՖՖ-ից դուրս թողնվեցին փորձառու, որոշ դեպքերում՝ նաև միջազգային մասնագիտական բարձր որակավորում ունեցող ոչ յուրային այն մասնագետները, որոնք հրաժարվում էին մասնակիցը լինել ապօրինի գործընթացներին։ Այդ նպատակին հասնելու համար որոշ դեպքերում ՀՖՖ ղեկավարությունը ՀՖՖ բյուջեից վատնեց տասնյակ միլիոնավոր դրամների հասնող միջոցներ։

ՀՖՖ աշխատակազմը, հակառակ նախընտրական պնդումների, կրկնապատկվեց, համալրվեց ընկեր, բարեկամ, հարազատ, կուսակիցներով, իսկ աշխատավարձի ֆոնդն ավելացավ մի քանի անգամ։

ՀՖՖ որոշ յուրային աշխատակիցներ սկսեցին հարկի-անհարկի պարգևատրումներ ստանալ, իսկ ՀՖՖ ղեկավարները սկսեցին անգամ իրենց պարգևատրել հավաքականների հաջողությունների համար, այն էլ՝ ամենաբարձր դրույքաչափով, այսինքն՝ այնքան, որքան ստանում են հիմնական կազմի ֆուտբոլիստներն ու մարզիչները։

ՀՖՖ տեխնիկական տնօրեն նշանակվեց ՀՖՖ-ի կարգի ֆեդերացիաների համար ռեկորդային աշխատավարձով իսպանացի թոշակառու մարզիչ, ով 2 տարվա ընթացքում ՀՖՖ բյուջեից իր թիմի հետ միասին տարավ տարբեր գնահատականներով 2,5-3 միլիոն դոլարի չափով միջոցներ։

Զավեշտալի է այն, որ նշյալ խմբի աշխատանքից հետո հայկական ֆուտբոլը ստացավ միայն մի քանի մարզչական սեմինար ու մեկ մեթոդական ձեռնարկ, ինչը կարելի էր անել վատագույն դեպքում՝ 40-50 հազար դոլարի սահմաններում: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ մեթոդական ձեռնարկից այժմ գրեթե ոչ ոք չի օգտվում։
Համեմատության համար պետք է նշել նաև, որ նման աշխատավարձով տեխնիկական տնօրենի ճոխություն իրենց թույլ են տալիս ֆուտբոլային գերտերություններից քչերը միայն։ Խոսքն իսպանացի մասնագետ Հինես Մելենդեսի մասին է:

Հրավիրվեց ազգային հավաքականի օտարազգի, բարձր վարձատրվող մարզչական թիմ, տարեկան մոտ 1 միլիոն դոլար աշխատավարձով, ում հետ ընտրական փուլի ակնհայտ ձախողումից հետո անհասկանալիորեն պայմանագիրը երկարացվեց և աշխատավարձները բարձրացվեցին։ Արդյունքում՝ ունեցանք հայկական ֆուտբոլի պատմության ամենախայտառակ խոշոր հաշվով պարտությունների շարանը։

Պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների, հայտնի խաղացողների հետ բացահայտ և քողարկված գործընկերության սկզբունքով՝ ՀՖՖ-ն նախագահելու առաջին իսկ օրերից ՀՖՖ ղեկավարները որդեգրեցին ՀՀ առաջնությունների մասնակցության «բաց դռների քաղաքականություն», ինչի արդյունքում «բացվեցին և փակվեցին» բազմաթիվ անհասկանալի ծագման և նպատակի ֆուտբոլային ակումբներ, իսկ Հայաստանը նշանավորվեց ապօրինի խաղադրույքների և պայմանավորված խաղերի մեծագույն սկանդալներով։

Պայմանավորված խաղերի մասով վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը փրկելու նպատակով՝ ՀՖՖ ղեկավարությունը որոշեց նշանակել մեղավորներ, բազմաթիվ կեղծիքների և ապօրինությունների միջոցով որակազրկեց ոչ յուրային ֆուտբոլիստների, մարզիչների և բարձրագույն խմբի գլխավոր հավակնորդ ֆուտբոլային ակումբին, ինչի հետևանքով բարձրագույն խմբի ճանապարհ հարթեց յուրային ակումբի համար։

Վերը նշվածի արդյունքում հայկական ֆուտբոլը ստացավ Լոզանի արբիտրաժային դատարանում պարտված դատական գործ և հայկական ֆուտբոլի ու ֆեդերացիայի գլխին կախված է մի քանի միլիոն դոլարի հասնող փոխհատուցում վճարելու մեծագույն վտանգ։

ՀՖՖ-ի «զավթման» առաջին իսկ օրից հայկական ֆուտբոլը և ակումբները բաժանվեցին սևերի ու սպիտակների, յուրայինների ու ոչ յուրայինների, իսկ ոչ յուրայինների դեմ պայքարն ուղեկցվեց խտրական մոտեցմամբ, աննախադեպ բռնություններով, կեղծիքներով ու ապօրինություններով։ Կարևոր է նշել նաև, որ որոշ դեպքերում նույնիսկ կիրառվեց մրցավարության հրահանգավորման մեթոդով խաղերի ելքի և մրցաշարային աղյուսակի դասավորության որոշման դեռևս 90-ականների արատավոր պրակտիկան։ Նշվածը քողարկելու համար բարձր աշխատավարձով հրավիրվեցին ոլորտի ոչ այնքան անբասիր կենսագրությամբ օտարազգի մրցավարական մասնագետներ (օր․՝ Միխալ Լիստկևիչ), որոնց թիմում նաև ներգրավվեցին վերը նշված 90-ականների արատավոր պրակտիկայի իրագործման հայտնի դեմքեր (օրինակ՝ ներկայիս մրցավարական դեպարտամենտի ղեկավար Սլավա Ղազարյան)։
Արդյունքը եղավ այն, որ ՀՀ գրեթե բոլոր առաջնություններում գրանցվեցին խայտառակ սկանդալային իրադարձություններ, ինչպիսիք են՝ հաշվեհարդար մրցավարների և ՀՖՖ պաշտոնյաների նկատմամբ խաղադաշտում և նրանից դուրս, այլանդակ հայհոյանքներով ուղեկցվող ֆուտբոլային հանդիպումներ, ծեծկռտուքներ ֆուտբոլիստների և ակումբային պաշտոնյաների միջև, գրանցվեց անգամ դեպք, երբ ՀՖՖ պաշտոնյան ծեծի ենթարկեց ակումբի տնօրենին ու սիգարետը հանգցրեց նրա ճակատին։ Իսկ ողջ վերը նշվածի հետևանքը եղավ այն, որ առաջնություններից հեռացան մի շարք ակումբներ, հիասթափվեցին հայկական ֆուտբոլում զգալի ներդրումներ կատարած և դեռևս նոր ներդրումների պատրաստակամ անհատներ և կազմակերպություններ։

ՀՖՖ որոշ պաշտոնյաների սանձարձակ ու լկտի պահվածքն անգամ տեղափոխվեց միջազգային հարթակ, ինչի արդյունքում ՀՖՖ պաշտոնական պատվիրակության մի մասը ծեծի ենթարկվեց Ռումինիայում՝ պաշտոնական հանդիպման ժամանակ։

ՀՖՖ տեխնիկական վերահսկիչ կարգվեց ՀՖՖ նախագահի տեղակալի մանկական ընկերը, ում ՀՖՖ-ն մեկ տարվա համար վճարեց անհասկանալի մեծ, 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։ Նույն տեխվերահսկիչը շատ կարճ ժամկետներում հասցրեց մեկ-երկու հոգով ստուգել նախկինում կառուցված և դեռևս շինարարության ընթացքում գտնվող 6 շինարարական կառույցներ և կազմել պատվիրված կեղծ հաշվետվություն, իբրև թե 560 մլն դրամ չարաշահման մասին։ Այնինչ նշված կառույցների փորձաքննության համար մի հսկայական պետական գերատեսչությունից պահանջվեց մոտ 2,5 տարի, և արդյունքում պարզեց, որ դեռ հակառակը՝ ՀՖՖ-ն է պարտք կառուցապատողին։

Վերը նշվածի արդյունքում ՀՖՖ սուտ մատնիչ տեխվերահսկիչը ստացավ նաև պարգևատրում՝ Վանաձորի մարզադաշտի կառուցման իրավունքը։ Պետք է նաև նշել, որ նույն տեխվերահսկիչը անհեթեթ մեկնաբանությամբ (նախագծում պատերի մի քանի սանտիմետրի տեղափոխում) քանդել և վերակառուցել է արդեն իսկ կառուցված հսկայական շինարարական ծավալ՝ դրանով ևս ապահովելով իր համար լրացուցիչ եկամուտներ։

Նմանատիպ անհեթեթ մեկնաբանությամբ քանդվել և վերակառուցվել է Արմավիրի մարզադաշտի՝ արդեն իսկ կառուցված հսկայական ծավալի շինարարական մակերես։ Պատճառը իբրև թե տանիքի կոնստրուկտորական «սխալ» և «ռիսկային» լինելն էր, այն դեպքում, երբ նույն տանիքի կոնստրուկտորական հաշվարկները ստացած են եղել պետական փորձագիտական բոլոր անհրաժեշտ դրական եզրակացությունները։

Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Իսկ որոշ դեպքերում ՀՖՖ-ն մեծ ծավալի շինարարական աշխատանքներ է պատվիրում նորաստեղծ մի կազմակերպության, ում իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն։ Խոսքն Աբովյանի մարզադաշտի մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության մասին է, որի իրական սեփականատերերը դժվար թե ռեգիստրում գրանցված արհեստավոր եղբայրներն են, ովքեր շարունակում էին մասնավոր պատվերով մետրով գաջ քսել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։

Հ.Գ. Ի դեպ, շուրջ 1.5 ամիս առաջ 168.amը կրկին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՖՖ-ին: Ցանկացել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Որքա՞ն են կազմում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և նրա մարզչական շտաբի աշխատավարձերը:

Խնդրում եմ աշխատավարձի չափը նշել՝ ըստ կոնկրետ անձերի:

2. Ի՞նչ պայմաններով են կազմված Խոակին Կապարոսի և նրա մարզչական շտաբի աշխատավարձերի պայմանագրերը: Ի՞նչ հարկատեսակներ են վճարում ՀՀ-ում նշված անձինք:

Պատասխան, իհարկե, մինչ օրս չենք ստացել:

Մարտին Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս