
«Շորերս են ճղել, խայտառակ վիճակ էր, կարմիր բերետավորներն էին բերման ենթարկում». Հովհաննես Իշխանյան

«Ոստիկանության բաժանմունքում իմացա, որ բերման են ենթարկել՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար: Հաղթանակի կամրջի մոտից են բերման ենթարկել ժամը 12:30-ի սահմաններում: 3 ժամ մնացի, բացատրություն չտվեցի, բյուրոկրատիան անցանք՝ դուրս եկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ ընդգծելով, որ որևէ պահանջ չի լսել, իրեն քաշքշելով՝ բերման են ենթարկել:
«Շորերս են ճղել, խայտառակ վիճակ էր, կարմիր բերետավորներն էին բերման ենթարկում: Ոստիկանության բաժանմունք այցելած ՄԻՊ-ի ներկայացուցիչն ասաց՝ պարանոցս է կարմրել, բայց բան չէի զգում, ուղղակի իրենք են տեսել»,- ընդգծեց նա:
Հովհաննես Իշխանյանը պատմեց, թե ինչ խոսակցություն է եղել ոստիկանության շենքում. «Պարզվեց՝ քննիչի հետ նույն զորամասում ենք ծառայել, սկսեցինք հիշել մեր զորավարժությունները, դասերը, որոնք Ջրականում, Հորադիզում, Որոտանում անցկացրել ենք: Սպաներին էինք հիշում»:
Հիշեցնենք, որ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այսօր քաղաքացիները չորս ուղղություններով քայլերթ էին իրականացնում։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում այսօր բերման է ենթարկվել 59 քաղաքացի։