Բաժիններ՝

Չէր եղել նման բան, որ դիզվառելիքի գինը 600-700 դրամի հասներ. Կարեն Չիլինգարյան

2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: Իսկ այս տարվա ապրիլին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:

Հայաստանի Հանրապետությունում 12 ամսվա ընթացքում արձանագրվել է նաև գնաճ սպառողական շուկայում (2022թ. ապրիլը 2021թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3%: 2022թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.3% հավելաճ): 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 14.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 4.0% գնաճ:

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 14.1%, 14.3% և 26.5%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7%, 2.9% և 7.3%-ով:

Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 19.8%, 17.7%, 34.3%, 46.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 3.1%, 2.7%, 7.4%, և 8.9%-ով: Թարմ կաթի, պանրի, թթվասերի և մածունի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են 12.0%, 21.2%, 14.0% և 23.2%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.0%, 2.7%, 4.1% և 9.8%-ով: Թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 8.4%, 5.3% և 10.6%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.3%, 1.9% և 1.2%-ով: Միաժամանակ, խոզի մսի գինը 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել է 20.1%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.4% գնանկում: 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 14.1% գնաճ, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը 168.am հետ զրույցում փոխանցեց՝ Հանրապետությունում շարունակում են բարձր մնալ հատկապես ներկրվող ապրանքների գները:

«Եթե ուշադրություն դարձնենք համաշխարհային գներին, ապա կնկատենք, որ միայն մեզ մոտ չէ, ամենուր նույն վիճակն է: Սակայն ամեն պետություն պետք է կանխատեսի, թե ինչպիսի թանկացում կլինի, որպեսզի այն կառավարելի լինի: Բացի դա՝ քաղաքակիրթ երկրներում թանկացումների հետ միաժամանակ՝ աշխատավարձն է բարձրացվում, նպաստը, իսկ Հայաստանում դա տեղի չի ունենում, ինչն էլ ազդում է սպառողների գնողունակության վրա»,- ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը՝ հավելելով.

«Ինչպես նշել եմ նախորդ զրույցում՝ 2021թ. օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, 4-5 ամսում, կաթնամթերքը թանկացել է 15-20 տոկոսով. մածունը՝ 20 տոկոսով, թթվասերը՝ 15, կաթը՝ մոտ 10 տոկոսով: Հացամթերքը ևս թանկացավ, քանի որ ցորենը թանկացավ միջազգային շուկայում: Մեկ տարվա ընթացքում մոտ 10 տոկոսով միսը թանկացավ, նույնը՝ ձեթի, կարագի դեպքում: Աննախադեպ թանկացավ նաև կարտոֆիլը, ու այն պատճառով, որ արտադրանքն էր քիչ, եղածն էլ արտահանվում էր: Բարձր են նաև դիզվառելիքի գները: Չէր եղել նման բան, որ գինը 600-700 դրամի հասներ: Խնդիրն այն է, որ դոլարի, դրամի արժեքը կարող է փոխվել, բայց գները նույնն են մնում:

Եթե գազի գինը համեմատենք այլ երկրների գազի գնի հետ, ապա մեզ մոտ ավելի էժան է: Եվրոպայում բնական գազի գինն ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 2600 դոլարը։ Այնպես որ, երբ համեմատում ենք, մեր տնտեսվարողներն ավելի բարվոք վիճակում են, քան այլ երկրների տնտեսվարողները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս