Բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին. Սերժ Սարգսյան

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․

«Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր:

Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց ցեղասպանությունը ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, և խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարևան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել:

Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին.

Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար՝ մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք և միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը:

Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս.

Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի՝ դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը և կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաև ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է:

Դիմում եմ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին.
․Թույլ մի տվեք ձեր իշխանություններին խաբել և մոլորեցնել ձեզ՝ հայտարարելով, թե իբր անցյալ դարասկզբին «մարդկային ողբերգության առումով ոչինչ տեղի չի ունեցել», պատմական Հայաստանի տարածքում իբր հայ ժողովրդի ներկայության ապացույցներ չկան, իբր էթնիկ զտումների ու կոտորածների չի ենթարկվել մեկուկես միլիոն հայ, չի արտագաղթել մեկ միլիոնից ավելին, ներկայիս Թուրքիայի տարածքում չեն ոչնչացվել ու ոչնչացվում հայկական քաղաքակրթական արժեքներ: Նայեք ձեր շուրջը, գտեք և խոսեք դեռևս ձեր կողքին ապրող ձեր իսկ հայրենակիցների հետ, որոնց ծնողներն ու հարազատները այդ ամենի ականատեսն են եղել, նրանցից ոմանք անգամ փորձել են պետականորեն ծրագրված եղեռնագործությունից փրկել իրենց հայ հարևաններին: Փնտրեք ճշմարտությունը, փնտրեք ամենուր, քանի որ դրա հետքերը, որքան էլ փորձեն կոծկել ու վերացնել, սփռված են աշխարհով մեկ:

Գտեք և ընթերցեք ականատեսների վկայությունները, հավատացեք ճշմարտության համար հալածվող ձեր մտավորականներին, ովքեր համարձակություն և ազնվություն են ունեցել բարձրաձայնելու ճշմարտությունը: Ավելի լավ աշխարհում և կողք-կողքի խաղաղ ապրելու համար ճշմարտությունն իմանալը, դրա համար պայքարելն ու ողջախոհությունը չկորցնելը կարևոր է:

Դիմում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած և մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը դատապարտած պետություններին.

Դուք ձեր համարձակ ու շիտակ կեցվածքով ապացուցել եք համամարդկային արժեքներին ձեր հավատարմությունը, արդարությունը վեր եք դասել քաղաքական, տնտեսական և այլ շահերից, ինչն արժանի է հարգանքի ու երախտագիտության:

Դիմում եմ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնագործությունը դեռևս չճանաչած պետություններին.

20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց եղեռնը, տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առաջ, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության կամ չափազանց ուշացումով արձագանքելու պայմաններում: Եվ մարդկությունը դրա համար շատ թանկ վճարեց՝ վճարեց աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ այլատյացության, էթնիկ զտումների ու ցեղասպանության կրկնություններով, որ շարունակվում են մինչ օրս: Հիշեք՝ ցեղասպան հանցագործ ռեժիմներին պատասխանատվության չենթարկելու, հանցագործությունը չդատապարտվելու դեպքում այն մի օր կարող է պատահել նաև ձեր ժողովուրդների հետ:

Մենք բոլորս միասին կարող ենք կանխել նոր ցեղասպանությունները, փրկել մարդկային կյանքեր և անգամ 21-րդ դարում խելահեղ պատերազմների ու արյան մեջ ընկղմվող աշխարհը դարձնել ավելի լավը, եթե լինենք վճռական և այս անգամ չհապաղենք, անտարբեր չլինենք ու պայքարենք մեր իրավունքների և ազատության համար»:

Տեսանյութեր

Լրահոս