Ջհանգիրյանն իրականացրել և շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները. ԲԴԽ-ի ավետումը
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ մինչև ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա:
Ըստ նշված աղբյուրի՝ Սահմանադրական դատարանը (ՍԴ) ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու, ինչին ընդառաջ էլ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում կներկայացնի:
Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու:
ՍԴ-ի որոշումը պետք է հրապարակվեր ապրիլի 18-ին, սակայն հետագայում պարզ դարձավ, որ որոշումը կհրապարակվի մայիսի 6-ին:
Թե ինչո՞ւ է ձգձգվում Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ որոշումը, հավանաբար կհասկանանք հենց մայիսի 6-ին:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամկետը, այնուամենայնիվ, պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե կկարողանա՞ վերջինս արդյոք ձեռքով մակագրմանն այլընտրանքային գաղափար հղանալ: Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը վերացրել են բոլոր այն խոչընդոտները, որոնցով պայմանավորված էր դատարաններում գործերի մակագրման ավտոմատ համակարգի գործարկման անհնարինությունը, և այժմ, ըստ ԲԴԽ-ի, կառույցի տեխսպասարկման թիմն ամեն ինչ անում է համակարգը վերագործարկելու համար: Բանալիները Դատական դեպարտամենտում են, աշխատանքները տարվում են, և պարզ է, որ 5 օր այս կողմ թե այն կողմ, համակարգը կաշխատի:
Իսկ դա բոլորովին ձեռնտու չի ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ Գագիկ Ջհանգիրյանին, ով էլ, ըստ տեղեկությունների, էլեկտրոնային մակագրման համակարգի վերացման գաղափարի հեղինակն ու ջատագովն էր:
Հասկանալի է, որ քաղաքական ներկայիս բարդ իրավիճակում, քաղաքական ակտիվության այս փուլում Նիկոլ Փաշինյանը պետք է ունենա վերահսկելի դատարաններ, սակայն էլեկտրոնային համակարգի վերագործարկման դեպքում դա այնքան էլ հեշտ բան չէ:
Ինչևէ, ԲԴԽ լրատվական ծառայությունից թեմայի առնչությամբ 168.am-ի հարցին պատասխանեցին՝ պարոն Ջհանգիրյանն իրականացրել և շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները: