Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների դեմ բոյկոտի գործըթնացն ավարտին է մոտենում․ թուրքական ԶԼՄ
Սաուդյան Արաբիայում 2020 թ-ի սկզբից թուրքական արտադրանքի դեմ հայտարարված բոյկոտի գործըթնացն ավարտին է հասնում։ Այս մասին գրում է թուրքական «T24»-ը՝ ընդգծելով, թե սպասվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը նոր դրական քայլեր է անելու այդ ուղղությամբ Ռամադանից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք արտահանողները նշում են, որ կարճ ժամանակում առևտրի ոլորտում կարող են հասնել նախկին մակարդակին՝ Թուրքիայից այդ երկիր արտահանումը հասցնելով 3 միլիարդ դոլլարի։ Հաղորդվում է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ն (THY) արդեն նախատեսում են մայիս ամսից ավելացնել դեպի սաուդական քաղաքներ չվերթների թիվը։
Նշենք, որ Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները վերջին շրջանում մշտապես լարված են եղել։ 2020 թ-ից սաուդական կողմը բազմաթիվ արգելքներ է սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար։