
Իգոր Խովաևը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավված է աշխատանքում, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է մոտ ժամանակներս նրա այցը Բաքու»,- նշել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ երկխոսության հիմքում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքներն են, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքը։