30 տարի հայ-թուրքական հարաբերություններում հաջող կերպով հետ էինք վանում Ադրբեջանին խառնելու փորձերը, իսկ այսօր Ադրբեջանը կա, ու նախապայմաններն էլ՝ Ադրբեջանից են. Թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռամադանի ընթրիքին հրավիրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով, հիշատակել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման:

«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրկումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել էր՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կրկին տեղի է ունենալու Վիեննայում:

Հետաքրքրական է, որ հայ-թուրքական գործընթացին հավանություն տված հայրենի իշխանություններն այս հարցերում բավականին չխոսկան են. օրակարգի առնչությամբ հիմնական տեղեկությունները հայ հանրությունը ստանում է հենց թուրք պաշտոնյաներից:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ՝ այս հարցում լռություն պահող իշխանությունները բավականին գործունյա են, իսկ գործընթացները՝ իրականում բեմականացված են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարիստների ձեռամբ՝ թիրախում ունենալով Ռուսաստանը:

«Թուրքիան և Ադրբեջանը շտապում են, ուզում են վերջացնել մեկնարկած գործընթացը: Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններն իրար հետ ձեռք ձեռքի տված աշխատում են այդ հարցով: ՌԴ միջամտությամբ այդ գործընթացը փոքր-ինչ դանդաղեց, սակայն, քանի երկաթը տաք է, ուզում են ծեծած լինել:

Խորհրդարանային վերջին ելույթները նորից ցույց են տալիս, որ երկրորդ անգամ է ազդակ եկել՝ գործընթացներն առավել արագացնելու համար, և ՀՀ վարչապետն արդեն բացահայտ խոսում է Ղարաբաղը, մեր հողերը հանձնելու և ամբողջովին Ադրբեջանին ու Թուրքիային տրվելու մասին»,- նշեց թուրքագետը:

Տիրան Լոքմագյոզյանն արձանագրեց՝ հենց սա է այն նախապայմանը, որ դրված է հայ-թուրքական օրակարգի հիմքում:

«Ղարաբաղը, Սյունիքը, Արարատյան դաշտավայրից, Տավուշից հատվածներ կան, որոնք հանձնման մասին բարձրաձայնել են. վարչապետը մի քանի անգամ անդրադարձել է և անգամ այդ գյուղերը կոչել թուրքական անուններով: Իհարկե, մյուս կողմից՝ Արծվաշենի մասին խոսք չկա. դա չի դիտվում՝ որպես գրավված տարածք, կամ Սև լիճը, անգամ գյուղերի ու ճանապարհների համար չենք պայքարում, սակայն շատ հեշտ կարող են տալ ամեն ինչ, ինչ ուզում են:

Մեզ խաբում են, թե Թուրքիան ոչ մի նախապայման չի առաջադրում. 30 տարի է՝ Թուրքիայի հենց այսօրվա նախագահը շարունակ խոսում է նախապայմանների լեզվով: Ռակիրովկա արեցին. այն պայմանները, ինչ Թուրքիան պետք է թելադրեր, դրանց մեծ մասը սկսեց Ադրբեջանը թելադրել. Ադրբեջանի հինգ նախապայմանները»,- հավելեց նա:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց երկկողմ հանդիպումների մասին պաշտոնական հաղորդումներին՝ դիտարկելով, որ դա կեղծիք է, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հենց գործընթացի մեկնարկին էր հայտարարել՝առանց Ադրբեջանի թույլտվության ոչ մի գործ չեն ձեռնարկելու.

«Ստացվում է՝ այստեղ ոչ թե երկու, այլ երեք կողմ կա: Ստացվում է, որ մենք 30 տարի հայ-թուրքական հարաբերություններում շատ հաջող կերպով հետ էինք վանում Ադրբեջանին խառնելու փորձերը, իսկ այսօր Ադրբեջանը կա, ու նախապայմաններն էլ Ադրբեջանից են: Ի դեպ, զարմանալի է, որ համարյա թե նույն օրը վարչապետը հայտարարեց, որ մեզ համար ընդունելի են այդ առաջարկները: Լավ, ե՞րբ կարդացիր, ե՞րբ քննարկեցիր, ո՞ւմ հետ քննարկեցիր:

Այս ամենի սցենարը նախօրոք գրված է և սցենարով գնում է. ամեն ինչ, ինչ կատարվում է երեք երկրների միջև վերջին մի քանի տարում, ամեն ինչ իմիտացիա է, ամեն ինչ թատրոնի սցենար է»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը:

Տեսանյութեր

Լրահոս