Ամենայն հավանականությամբ, սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցն էր այս փուլում. վերլուծաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի Երևան կատարած այցին հաջորդեց ամերիկացի համանախագահի այցը: Շուրջ մեկ շաբաթ առաջ Երևանում էր ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, թե արևմտյան համանախագահները հրաժարվում են ՌԴ-ի հետ աշխատել:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:

«Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:

Արարատ Միրզոյանն Էնդրյու Շեֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը»,- ասված է հաղորդագրությունում:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացն արդեն վերաֆորմատավորվել է, և ակնհայտ է, որ բանակցային գործընթացը Խաղաղության համաձայնագրի շուրջ ընթանալու է ԵՄ հովանու ներքո, քանի դեռ ՌԴ-ն այլ որոշումներ չի կայացրել:

Ըստ նրա, Ռուսաստանի համար ամենակարևորը խաղաղապահ կոնտինգենտի ներկայության պահպանումն է Ղարաբաղում, որին սպառնալիք կարծես ՌԴ-ն ներկայումս չի տեսնում:

«Ռուսաստանի ու Արևմուտքի գործողություններն առանձին են, բայց չեն հակասում, ինչպես տեսնում ենք՝ բանակցային փաթեթները նույնական են, և բոլոր միջնորդները խոսում են քայլերի նույն հերթականությունից, ինչպիսին սահմանազատում-սահմանագծումն է, Խաղաղության համաձայնագիրը, ապաշրջափակումը: Ավելին՝ այս փուլում Ռուսաստանի համար լավ է, որ արևմտյան որևէ միջնորդ զբաղվի բանակցային գործընթացով, քանի որ ինքն այլևս դա այնքան կարևոր չի համարում և չունի այդքան ռեսուրս դրանով զբաղվելու ու ռազմական լարվածության նոր ալիք թույլ չտալու համար: Սակայն ռազմավարական խնդիրը ՌԴ-ի համար ներկայության պահպանումն է, որը նա ապահովելու է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով, քանի որ այդ մասով Արևմուտքը քիչ ռեսուրս է ունենալու: Իսկ կողմերի հետ կապերը պահպանվում են, ինչպես տեսնում ենք, սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա, և, բնականաբար, այս բոլոր հարցերը քննարկվելու են այնտեղ»,- նկատեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առանձին այցերին Երևան՝ նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը չկա:

«Կարծում եմ՝ այս փուլի համար սա համանախագահների վերջին այցն է լինելու, քանի որ համանախագահ երկրներն աշխատում են ԱԳ նախարարների մակարդակով և ըստ էության համանախագահ դիվանագետների աշխատանքի անհրաժեշտությունն այս փուլում չկա: Ինչպես հասկանում ենք նաև, սա այց էր մեկ ուղղությամբ՝ դեպի Երևան, որի նպատակն էր՝ որոշակիորեն արձագանքել Երևանի ակնկալիքներին, սակայն ֆորմատն այս պահին փոխված է, գուցե ապագայում ևս փոխվի, քանի որ իրավիճակն աշխարհում՝ բոլոր տաք ռեգիոններում, անընդհատ փոխվում է՝ փոխվում է Ռուսաստանը, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին իր դերն է մեծացնում Թուրքիան, ու չգիտենք՝ ինչ սպասել արդյունքում: Սրանք բոլորը նոր իրողություններ են մեր բոլորի համար»,- ասաց նա:

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահության ձևաչափով իսկապես չէր կարող շարունակել աշխատանքը` մի շարք պատճառներից ելնելով:

«Նախ՝ պատերազմում հաղթող Ադրբեջանը մերժում էր այս ձևաչափը, երկրորդ՝ պատերազմից հետո այս ֆորմատը չուներ օրակարգ և այդպես էլ կարողացավ այն ձևավորի, այդ թվում՝ ՌԴ-ի պատճառով, երրորդ՝ Արևմուտքը որոշեց անջատել իր Ղարաբաղյան քաղաքականությունը Ռուսաստանից, որը տրամաբանական է, քանի որ ՌԴ-ն ու Արևմուտքը վերջին 3 տասնամյակների ընթացքում երբեք նման իրավիճակում չեն եղել, ու ՌԴ-ի դեմ կիրառվող բոլոր միջոցներն աննախադեպ են՝ թե տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, ուստի, եթե կա առանձին դիվանագիտություն ու այն աշխատում է, կարիք չկա այստեղ այլևս համերաշխություն պահպանել»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունն առաջարկում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը՝ վերլուծաբանն ասաց, որ միջազգային հանրությունը լայն հասկացություն է:

«Դրա ներքո կարելի է հասկանալ թե՛ Ռուսաստանին, թե՛ արևմտյան երկրներին: Սակայն միջազգային հանրության առաջարկները կարելի է լսել, բայց կողմերը դրանք ոչ միշտ են հաշվի առնում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս