Բաժիններ՝

Մահացել է Ֆերդինանդ Մանուկյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը՝ ցավակցելով նկարչի ընտանիքին և հարազատներին:

Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 20-ին Գյումրիում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը:

Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառում։ Մանուկյանի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերական, մարդկանց և առարկայական աշխարհի վերացարկված կերպարավորումները։ Ստեղծել է երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997), ջրաներկ նկարաշարեր (2000-2004)։

Գործերից են՝ «Մուտք Գյումրի» որմնանկարը, «Գյումրեցիներ», խճանկարը, «Սասունցիների պարը», խճանկարը: Հաստոցային գործերից են «Նատյուրմորտ»-ը, «Մեկ ամիս գյուղում»-ը, «Կնոջ իրան»-ը, «Տիեզերք»-ը:

Մանուկյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս