ՔՊ-ական պատգամավորի՝ ծեծի մեջ կասկածվող որդին չի կալանավորվի
Նախկին ԲՀԿ-ական, այժմ արդեն կարկառուն ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա որդին՝ Շանթ Բագրատյանը, մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, ըստ Շամշյանի, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Ոստիկանությունը նաև տեղեկություններ ուներ, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ հիմնական դերակատարներից է եղել Սերգեյ Բագրատյանի որդին, և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին:
Շանթ Բագրատյանը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
Ապրիլի 18-ին, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։
168.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Սերգեյ Բագրատյանի որդու խափանման միջոցի որոշման հարցով անգամ դատական նիստ չի եղել, և քննիչն ինքն է որոշել խափանման միջոցը, այն է՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից: Հավելեցին նաև, որ ձերբակալվել են նաև գազալցակայանի տնօրենն ու DVR տեղադրող անձը, ովքեր մեղադրվում են Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Քիչ անց նրանց նկատմամբ նույնպես կընտրվի խափանման միջոց, կրկին՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Փաստացի Նիկոլ Փաշինյանին կուրորեն ծառայող ու նրա քայլերի ու գործողությունների պատասխանատվությունը կիսող պատգամավորի՝ մարդ ծեծող որդին կարող է օրենք խախտել և չկալանավորվել: