Ճնշումը վարկային շուկայում ուժեղանում է
Կար ժամանակ, երբ իշխանությունները Հայաստանի տնտեսության զարգացումները կապում էին վարկային շուկայի հետ։ Չկային ներդրումներ ու հիմնական հույսը վարկերն էին։
Վերջին շրջանում, սակայն, վարկային շուկան էլ է դադարել ակտիվություն ցույց տալ։
Այնպես չէ, որ ներդրումները ելել թափվում են։ Ներդրումային միջավայրը նույնքան պասիվ է, որքան նախկինում էր։ Մի բան էլ ավելացել են ռիսկերը՝ կապված Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, համաշխարհային տնտեսության զարգացումների դանդաղելու և ի հայտ եկած նոր խնդիրների հետ։
Եթե նախկինում նույնիսկ որոշակի ներդրումային հույսեր կային, հիմա դրանք էլ են հարցականի տակ։
Դժվար է պատկերացնել, որ տնտեսական իրավիճակի սպասվող վատթարացման պայմաններում Ռուսաստանից ներդրումներ պիտի գան Հայաստան։ Առավել ևս՝ այն խիստ սահմանափակումների պայմաններում, որոնք Ռուսաստանի իշխանությունները կիրառում են ֆինանսական միջոցների տեղաշարժերի նկատմամբ։ Եթե ոչ այսօր, ապա վաղն այդ իրավիճակն ազդելու է Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների վրա։ Չպետք է սպասել նաև նոր, հատկապես՝ խոշոր ներդրումային պրոյեկտների։
Ներդրումային մեծ ակնկալիքներ չեն կարող լինել նաև այլ երկրներից՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսական իրավիճակը։ Չնայած առանց դրա էլ, ներքին անվտանգային խնդիրներն ու անորոշությունները բավական են, որպես ներդրողները խուսափեն փող ներդնել մեր տնտեսության մեջ։
Ու այս պայմաններում շարունակում է ուժեղանալ ճնշումը տնտեսության վրա նաև վարկային շուկայից։
Անցած տարի տնտեսության մեջ իրականացվող վարկային ներարկումների անկում արձանագրվեց. պորտֆելը կրճատվեց շուրջ 400-500 մլն դոլարով։
Այս տարվա սկզբին էլ վարկերը շարունակում են ավելի քիչ լինել, քան մեկ տարի առաջ էին։
Հրապարակված ամենաթարմ տվյալներով, բանկերի վարկային պորտֆելը կազմել է 3 տրիլիոն 651 մլրդ դրամ, ինչը 12 միլիարդով պակաս է նախորդ տարվա նույն ամսվանից։
Սպասվում է, որ առաջիկայում վարկային ներարկումները կշարունակեն կրճատվել՝ կապված Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականության հետ։ Գնաճը մեղմելու նպատակով՝ ԿԲ-ն թանկացնում է փողը։ Դա նշանակում է, որ թանկանալու են նաև վարկերը։
Վերջին վերանայումից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 9,25-ի, ինչը նախորդ 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
Տոկոսադրույքն ավելի բարձր է եղել միայն 2015թ.։ Այն ժամանակ դա կազմում էր 10,5 տոկոս։ Բայց 9,25-ն էլ պակաս բարձր չէ։
Այս տարվա ընթացքում ԿԲ-ն փողի գինը բարձրացրել է 1,5 տոկոսային կետով։ Մեկ տարուց մի փոքր ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով էլ փողը կրկնակի է թանկացել, ինչը հանգեցրել է նաև վարկային կապիտալի թանկացման։ Ճիշտը է, վարկերն այնքան չեն թանկացել, որքան Կենտրոնական բանկից դուրս եկող փողը, որը տրամադրվում է բանկերին, բայց այստեղ էլ նկատելի է թանկացումը։ Մեկ տարվա ընթացքում դրամային վարկերի գինը բարձրացել է գրեթե 1 տոկոսով։
Հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկը շարունակում է խոստացնել դրամավարկային քաղաքականությունը, առաջիկայում պետք է սպասել վարկերի հետագա թանկացման։
Վարկերի թանկացումը զսպում է բանկային կապիտալի մուտքը տնտեսության մեջ։
Դրան նպաստում է նաև տնտեսական իրավիճակի վատացումը, որն ազդում է շուկայի վարկունակության վրա։ Թերևս, դա է պատճառը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ոչ միշտ է համարժեք արտահայտվում վարկային գնի վրա։ Այնուհանդերձ այդ ազդեցությունից դժվար է խուսափել։ Սպասումները, որ այս տարի մեր տնտեսության աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր կլինի, քան կանխատեսվում էր նախկինում, կապված են նաև սրա հետո։
Մինչ Կենտրոնական բանկի գործողություններից, ինչպես նաև արտաքին ու ներքին միջավայրերից տնտեսության վրա թելադրված բացասական ազդեցություններն առաջիկայում կշարունակեն զգացնել տալ, բանկային կապիտալի մասնակցությունը տնտեսական գործընթացներին կրճատվել է։
Դա առավել ակնհայտ է արտահայտվել հատկապես արդյունաբերության ոլորտում։
Մեկ տարի առաջվա համեմատ՝ տնտեսության այս ճյուղում բանկային կապիտալի մասնակցությունը կրճատվել է 63 մլրդ դրամով կամ գրեթե 130 մլն դոլարով։ Մեկ տարի առաջ արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը գրեթե 629 մլրդ դրամ էր, այս տարվա փետրվարին կազմել է 565-566 մլրդ դրամ։ Եվ սա տնտեսության ամենաառանցքային հատվածն է։
Առևտրի ոլորտում վարկային կապիտալը մեկ տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 31 միլիարդով։
Կրճատման ամենամեծ բաղադրիչը եղել է սպառողական վարկերի մասով։ Հավանաբար իմաստ չկա հիշեցնել, թե ինչի համար են սպառողական վարկերը։
Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը մեկ տարում նվազել է ավելի քան 200 մլն դոլարով, ինչը կապված է առաջին հերթին՝ հասարակության վարկունակության անկման հետ։ Որքան էլ մարդիկ ֆինանսական միջոցների կարիք ունեն՝ իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները թեթևացնելու համար, հնարավորություն չունեն օգտվել սպառողական վարկերից։ Սոցիալական իրավիճակն ուղղակի ազդեցություն ունի վարկային այս շուկայի վրա։ Տնային տնտեսությունների կամ ֆիզիկական անձանց վարկունակության անկումը ստիպում է բանկերին զգուշանալ սպառողական վարկերի տրամադրումից։ Հատկապես որ, վերջին տարիներին վարկային այս բաղադրիչը չափից դուրս ծանրաբեռնվել է։
Վարկային շուկան նախորդ մեկ-մեկուկես տարում ինչ-որ չափով կարողացել է ջրի երեսին մնալ հիմնականում հիպոթեքի շնորհիվ։ Բանկերի հիպոթեքի պորտֆելը շարունակում է «ուռել»՝ եկամտային հարկի վերադարձի հաշվին, որը հասցրել է բավական լուրջ ծանրություն կուտակել պետական բյուջեի վրա։ Այն մոտենում է տարեկան 25-30 մլրդ դրամի։ Այդքան գումար բյուջեն սուբսիդավորում է՝ ինչպես չապահովված և բնակարանի կարիք ունեցող, այնպես էլ՝ ապահովված ու բիզնես նպատակներ հետապնդող քաղաքացիների եկամտային հարկերը հիպոթեքի դիմաց վերադարձնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ