«Քիմ Քարդաշյանին նմանվելը շատ հեշտ է, բայց յուրաքանչյուրն իր մեջ պետք է գտնի իր գեղեցկությունը». Հրանուշ Եղոյանը շուտով նոր անակնկալ կմատուցի
«ՊԵՐՍՈՆԱ» հաղորդաշարում Տաթև Վարդանյանը զրուցել է հայտնի դիմահարդար, Make-Up Studio-ի հիմնադիր Հրանուշ Եղոյանի հետ:
Հրանուշ Եղոյանը խոսել է 44-օրյա պատերազմի, մարդկանց վերապրման, իր ընտանիքի, երեխաների դաստիարակության, կանանց նախասիրությունների, հայկական հնագույն դիմահարդարման արվեստի, ոճաբանության, 2022թ.դիմահարդարման միտումների, ժամանակակից թրենդների մասին:
Շատ շուտով Հրանուշ Եղոյանն անակնկալ կմատուցի. լույս կտեսնի հայ կնոջ շպարի մասին նրա հավաքագրած տեղեկություններով կազմված գիրքը, սկսած՝ Ուրարտուի ժամանակաշրջանից մինչ օրս: Գրքում ներառված են լինելու հայ մասնագետների տարբեր աշխատություններ, հարցազրույցներ:
– Կորոնավիրուսի համաճարակ, ապա 44-օրյա պատերազմ, մարդկային բազմաթիվ կորուստներ… մի պահ կարծես կյանքը կանգ էր առել… Դժվար չէ՞ր այդ օրերին աշխատելը: Շատերը պարզապես տևական ժամանակ չէին կարողանում վերադառնալ նորմալ աշխատանքային ռեժիմի:
– Շատ բարդ և ծանր հարցից սկսեցիր մեր հարցազրույցը։ Անկեղծ ասած, չէի սպասում,չէի ցանկանա նորից վերապրել ու քեզ փոխանցել այդ ապրումներն ու էմոցիաները։ Ինչպես ցանկացած մարդ և մայր, հատկապես, երբ մայրանալուց հետո կյանքի նկատմամբ սկսում ես այլ կերպ վերաբերվել այդ ամենին… շատ ծանրապրումներ ունեցա, որովհետև շատ գերզգայուն մարդ եմ։ Ինչպես բոլորս, ես նույնպես ամբողջ օրս անցկացնում էի լրահոսին հետևելով… Մենք, իհարկե, վերադարձել ենք մեր բնականոն կյանքին, բայց այդ ամենը հոգեբանորեն շատ ծանր է անդրադարձել մեզ վրա և դեռ երկար ժամանակ մեր սրտերում մնալու է այդ նստվածքը։
– Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց` ո՞ր արժեքները վերանայել, ինպե՞ս վերաբերվեն իրենց կյանքին և միջավայրին:
– Ամեն մարդ ինքնամփոփ պետք է լինի և գիտակցությունը ճկուն կերպով բերի այն կետին, որ ինքնըստինքյան հասկանա ըստ կարևորության՝ ինչն է իր համար առաջնահերթ կամ երկրորդական, երրորդական, և շփման իր շրջանակը սեղմի և գնահատի այն արժեքները, որոնք իսկապես կարևորում է։ Ես փորձում եմ հավասարապես բաշխել ժամանակս։
– Աշխարհն ամեն օր փոխվում է, ավելի վտանգավոր է դարձել աշխարհը, հիմա էլ ռուս-ուկրաինական դաժան պատերազմն է… Չե՞ս վախենում այս աշխարհում:
– Չկա այլ աշխարհ, որտեղ կարող ենք տեղափոխվել: Սա է մեր աշխարհը, և պետք է գիտակցենք, որ մենք այդ աշխարհի մասնիկն ենք, և չպետք է վախենանք բարձրաձայնել, որ 21-րդ դարում պատերազմը, մարդկանց կյանքից զրկելը վայրենություն է։ Ուրիշ զուգահեռ անցկացնել չեմ կարող։
– Ի՞նչ դիմահարդարում են նախընտրում հայ կանայք։ Ո՞ւմ են ուզում նմանվել: Պատահո՞ւմ է, երբ, օրինակ, շպարի միջոցով ուզում են նմանվել Քարդաշյանին:
– Իհարկե պատահում է: Քիմ Քարդաշյանին նմանվելը շատ հեշտ է, որովհետև իր տիպաժը դասական հայկական է՝ տիպարը, կառուցվածքը, բարձր այտաբոբերը: Ավելի լավ է յուրաքանչյուրն իր մեջ գտնի իր գեղեցկությունը, ընդգծի կամ հղկի այն բնական տվյալները, որն իրենն է,և այդպիսով շատ ավելի շահավետ ու գեղեցիկ տեսք կունենա:
– Աշխարհում, բազմաթիվ երկրներում, մասնավորապես` Արևմուտքում, Միացյալ Նահանգների բազմաթիվ դպրոցներում, այդ թվում՝ Եվրոպայում, սկսել են հրաժարվել արական և իգական սեռ հասկացություններից: Նախ, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
– Ես դեռ այդքան չեմ «զարգացել», որ կարողանամ հարմար տեսնել դա: Նման շեղումներ մարդկության հետ միշտ էլ եղել են, բայց երբ դա սկսում են փաթաթել մարդկության վզին, ճիշտ չեմ համարում:
– Ձեր ծնողներից ո՞վ է ամենամեծ ազդեցությունն ունեցել ձեզ վրա: Կարո՞ղ եք մի դրվագ հիշել նրանց հետ փոխհարաբերություններում, որ ձեր կյանքում որպես դաս՝ մշտապես հիշում եք:
– Չնայած, որ երրորդ աղջիկն եմ ընտանիքում, բայց հորս կողմից շատ սիրված եմ եղել և շատ վառ եմ հիշում այդ սերը, և այն շատ կարևոր է եղել ինձ համար: Երբ քույրերս հորս հարցնում էին, թե ինչո՞ւ Հրանուշին նկատողություն չի անում, պատասխանում էր՝ Հրանուշը երբեք նկատողության տեղիք չի տալիս: Դա ամենահոգեհարազատ գնահատականն է եղել ինձ համար, որը ես միշտ իմ մեջ պահում եմ:
– Շատերն ասում են՝ ոչ մի աշխատանք չի կարող ավելի կարևոր լինել, քան անձնականը: Համաձա՞յն եք:
– Դրանք տարանջատելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածքը, անձնական հետաքրքրությունները: Երբ դրանք չկան՝ մեկը ներխուժում է մյուսի դաշտ, և առաջանում է կոնֆլիկտ: Պետք է սիրել և հարգել դիմացինիդ նախընտրությունները:
– Դուք խստապահա՞նջ մայր եք, թե՞ ամբողջությամբ հետևում եք երեխայի ցանկություններին:
– Ես շատ թուլամորթ մայր եմ և գրեթե ամբողջությամբ հետևում եմ երեխաներիս ցանկություններին: Շատ դժվարությամբ եմ ասում «չէ» բառը և դժվարությամբ եմ խստություն արտահայտում: Ուզում եմ նրանց համար այնպիսի մայր լինել, որ իրենք հեշտությամբ ինձ հետ կիսվեն:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում