Բաժիններ՝

ՀՀ նախագահը Ոստիկանության օրվա առթիվ պետական պարգևներ է հանձնել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով:

Ապրիլի 15-ին նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ոստիկանության օրվա կապակցությամբ այս մեդալները հանձնել ձեզ:

Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք: Հայաստանի Հանրապետությունում անվտանգության բարձր մթնոլորտը զգում են նաև Հայաստան ժամանած հյուրերը, մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք, որի մասին ինձ ասում են տարբեր հանդիպումների ընթացքում:

Համոզված եմ, որ դուք ձեր ուժերը, կարողությունները, մասնագիտական հմտությունները կշարունակեք օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության կայունության, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, հանուն մեր երկրի բարօրության:

Առանձնակի շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին, մաղթում հաջողություններ նաև անձնական կյանքում և, իհարկե աշխատանքում՝ նոր կոչումներ, նոր մեդալներ:

Հույս եմ հայտնում, որ ոստիկանությունը մեծ պատասխանատվությամբ կկատարի իր վրա դրված առաքելությունը և կծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքների պահպանման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս