Պետք է հստակ քվոտավորվի՝ որ մթերքից որքանով արտադրվի, որը 100 տոկոսով կերաշխավորվի մթերման. փորձագետ
Մարտին ամբողջ աշխարհում զգալիորեն աճել են պարենի գները՝ հասնելով աննախադեպ մակարդակի։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ցորենի համաշխարհային գներն աճել են 19,7 տոկոսային կետով, մեկ երրորդով բարձրացել է նաև ձեթի գինը։
Փորձագետները կանխատեսում են՝ պարենային ճգնաժամի վտանգն առավել առարկայական կդառնա ռուս-ուկրաինական հակամարտության երկարելու դեպքում: Հայաստանը, որպես առավելապես ներկրող երկիր կամ միջազգային շուկաներից մեծ կախում ունեցող տնտեսություն, ևս կանգնած է այդ մարտահրավերի առաջ:
Սոցիալական ծրագրեր, հատուկ միջոցառումներ, գյուղատնտեսությանն ու գործարար միջավայրին տրվող արտոնություններ. ստեղծված իրավիճակում սրանք այն ակնկալիքներն են, որոնց մասին բարձրաձայնում են ոլորտի ներկայացուցիչները, իսկ ի՞նչ է արվում իրականում:
Օրինակ, տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի նախարարը կոչ է անում գյուղացիներին՝ «որքան հնարավոր է՝ ավելի լայն հողային մակերեսներ մշակել»: Թե քանի՞ գյուղացի կանսա նախարարի կոչին, և որքանո՞վ է արդյունավետ կոչ անելու քաղաքականությունը, փորձեցինք ճշտել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլյա Ամիրխանյանից:
Փորձագետը շեշտեց՝ 2020 թվականի համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամն արդեն իսկ առաջ էր բերել այնպիսի մարտահրավերներ, ըստ որոնց՝ կանխատեսվում էր՝ Հայաստանը ևս կարող է կանգնել պարենային խնդիրների առաջ, հետևաբար, պետք էր այդ օրերից սկսել վերակազմակերպման գործընթացը:
«2020 թվականը պետք է լիներ լավագույն քննությունը մեր պետության, տնտեսության համար՝ նման իրավիճակներում վերակազմակերպվելու և հետագայի համար՝ ունենալու անվտանգության որոշակի բարձիկներ:
Այսօր ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով պայմանավորված՝ մենք դարձյալ կանգնել ենք նման խնդիրների առաջ, որոնք է՛լ ավելի սուր են, է՛լ ավելի ռեալ են, բայց մենք չունենք այն հնարավոր անվտանգության բարձիկները, որոնք օրինակելի պարագայում պետք է ստեղծված լինեին 2020 թ. ճգնաժամի ընթացքում»,- արձանագրեց տնտեսագետը:
Անդրադառնալով «որքան հնարավոր է ավելի լայն հողային մակերեսներ մշակելու» մասին հայտարարություններին՝ նա նկատեց, որ եթե անգամ նման հայտարարությունները դիտարկվեն այն կանխավարկածով, որ կոչին կհաջորդեն կոնկրետ գործողություններ, դարձյալ իրատեսական չեն հաշվարկները, որոնք անում է նախարար Քերոբյանը: Իսկ իրականում, ըստ Լիլյա Ամիրխանյանի, կոչին պետք է նախորդեին կոնկրետ գործողություններ:
«Մեր գյուղատնտեսության համար կարևորագույն խնդիր է շարունակում մնալ գյուղմթերքի մթերման խնդիրը: Այսինքն՝ եթե պետական պաշտոնյայի կողմից կան կոչեր ավելի շատ արտադրելու, պետք է լինեն նաև այդ կոչերի շարունակությունը՝ այսինքն՝ երաշխիքներ, որ այդ ապրանքը մթերվելու է ամբողջությամբ:
Ավելին՝ լավագույն պարագայում, պետք է հստակ քվոտավորվի՝ որ մթերքից որքանով արտադրվի, որը 100 տոկոսով կերաշխավորվի մթերման:
Չունենալով նման հաշվարկներ և կատարելով նման հայտարարություններ՝ մենք նորից պարզապես բախվում ենք պոպուլիզմի հետ, որը գուցե նպատակ ունի մեղմելու այն հնարավոր սպռանալիքները, այդ թվում՝ գնաճի հետ կապված»,- մանրամասնեց նա:
Առհասարակ, մասնագետի գնահատմամբ՝ այսօր համալիր գործողությունների անհրաժեշտություն կա. պետք է լինեն հիմնական և օպերատիվ քայլեր:
Հիմնական գործողությունները, ըստ Լիլյա Ամիրխանյանի՝ պետք է ընդգրկեն ոռոգման ջրի, սերմացուի, հանրային ծառայությունների գների տատանման խնդիրներին առնչվող հարցերը:
Օպերատիվ, իրավիճակային քայլերի մասին իր նկատառումներում փորձագետը կրկին հիշեցնում է 2020 թվականը. «Նույն 2020 թ. ճգնաժամային իրավիճակը ստեղծել էր այնպիսի միջավայր, երբ հատկապես առաջին անհրաժեշտության նշանակության ապրանքների արտադրության խթանիչ քայլեր պետք է իրականացվեին՝ դրանց հետ կապված ինքնաբավություն ունենալու համար: Ցավոք, այս առումով ևս դրական միջավայր չունենք, և այս պահին էլ որևէ կոնկրետ գործողություն չի էլ նկատվում:
Իհարկե, դեպի ՌԴ որոշակի պայմանավորվածությունների մասին են խոսում. որոշակի մեղմացուցիչ մեխանիզմներ գուցե կառաջարկվեն ԵԱՏՄ-ի կողմից համապարփակ, բայց դրանք առավելապես ԵԱՏՄ մեխանիզմներն են, որոնք շատ չեն առնչվում մեր պատկան մարմինների հետ»: