Ներոն կայսեր նվերը Տրդատ արքային և Արտաշատի, Տիգրանակերտի ներկայացումները. Հայկական թատրոնը
Թատրոնն առաջացել է Հին Հունաստանում` Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Հնագույն թատրոնում բոլոր դերերը խաղում էին բացառապես տղամարդիկ։ Հետաքրքրական է, որ Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր, իսկ Հռոմում այն համարվում էր ամոթալի։ Հունական և Հռոմեական թատրոնների կողքին պետք է հիշատակել նաև Հայկական թատրոնը։
Հույների և հռոմեացիների հետ մեկտեղ՝ հայկական հնագույն քաղաքակրթությունը ևս անմասն չի մնացել իր պատմական դրոշմը թողնելուց թատրոնի զարգացման գործում։ Մեր թատրոնն առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում։ Հունական թատրոնի նմանությամբ հայկական թատրոնը ևս առաջացել է իր սիրելի աստվածներից մեկին` Անահիտին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական թատրոնը զարգացում է ապրել հատկապես հելլենիստական շրջանում։ Այդ մասին վկայել են նաև օտարերկրացի պատմիչները.
«Պլուտարքոսը վկայում է, որ Տիգրանակերտում գտնվում էին մեծ թվով հույն դերասաններ, որոնց Տիգրան 2-րդը հրավիրել էր զանազան տեղերից։ Նույն պատմիչի մի այլ վկայությունից հայտնի է, որ Արտաշատը նույնպես ունեցել է իր թատրոնը, որտեղ 53 թ. մ.թ.ա. Կրասոսի դեմ տարված հաղթանակի տոնախմբությունների ժամանակ, հայ և պարթև մեծամեծների ներկայությամբ, ներկայացվել է Էվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։
Պլուտարքոսի վկայություններից երևում է, որ հատկապես Տիգրանակերտի թատրոնը կառուցված է եղել ոչ թե ստրկատիրական վերնախավի, այլ մասսայական հանդիսատեսի համար։ Նա, հավանաբար, նման է եղել հելլենիստական քաղաքների ամֆիթատրոններին։ Թատրոն հաճախելը հելլենիստական քաղաքների բնակչության կենցաղի անբաժանելի մասն էր կազմում։ Հովհան Մանդակունի կաթողիկոսը (473-490) վկայում է, որ թատրոն էին հաճախում ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։
Արտաշատի և Տիգրանակերտի թատրոնների խաղացանկը մեզ հայտնի չէ։ Սակայն, անկասկած է, որ այդ թատրոններում, բացի Հին Հունաստանի մեծագույն ողբերգակների երկերից, ներկայացվել են նաև Արտավազդ 2-րդի գրած ողբերգությունները»։ (Հատվածը վերցված է «Հայ ժողովրդի պատմություն. Սկզբից մինչև 18-րդ դարի վերջ» գրքից։ Երևան, 1975 թվական, էջ 198-199)։
Էապես ազդվելով և զարգացում ապրելով հելլենիստական շրջանի թատրոնից, հայկական թատրոնը զարգացում է ապրել նաև Ք.հ.` 1-3-րդ դարերում։ Կան պահպանված պատմագիտական տեղեկություններ նաև այն մասին, որ Տրդատ 1-ինի խնդրանքով Ներոն Կայսրը նրան է նվիրում իր ամենահայտնի միմոսներից մեկին։ Թատրոնն այնքան մեծ տարածում է ստանում, որ կիրառական արվեստում ևս ստեղծվում են թատերական ներկայացումների տեսարաններով զարդեր։ Մասնավորապես, այստեղ պետք է հիշատակել Բակուր թագավորի արծաթե թասը, որի բոլոր կողմերում թատերական տեսարաններ են։ Ժողովրդական թատրոնը ևս իր ուրույն տեղն ուներ, որտեղ իր ուրույն տեղն ուներ գուսանը.
«Գուսանական խմբերը քաղաքների փայտաշեն թատրոններում, իջևանատներում, հրապարակներում, գյուղերում, տոնական հանդեսներում և այլուր ներկայացրել են ողբերգություններ, կատակերգություններ և խեղկատակություններ։ Վերջին երկու ժանրի ներկայացումների նյութը մեծ մասամբ վերցվում էր ժամանակակից և առօրյա կյանքից։ Այդ տիպի ներկայացումների ժամանակ կատակագուսանները կամ ծաղրագուսանները, նպատակահարմար դիմակներ հագած, ծաղրում էին ոչ միայն մարդկային վատ արարքները, այլև հանդիսատեսին լավ ծանոթ ժամանակակից իշխանների ու հոգևորականների ագահությունը, ընչաքաղցությունը, շատակերությունը, սնապարծությունը, դաժանությունը, տգիտությունը, ժլատությունը և այլն։ Հովհան Մանդակունին ժողովրդական թատրոնի դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկը համարում է այն, որ այդ թատրոնը «որդիներին թշնամացնում է հայրերի, իսկ ստրուկներին` տերերի հետ»։ (Նույն տեղում` էջ 199):
Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում թատրոնները ևս ճնշումների առաջ կանգնեցին։ Այդ ժամանակ քրիստոնյա հայրերը քննադատում էին թատրոնը, քանի որ այն համարում էին հեթանոսական և դիվական։ Սակայն ճնշումները մասնավորապես տարածվեցին Քրիստոնեության սկզբնական շրջանում։ Հետագա դարերում հայ մշակույթի ծաղկման ու զարգացման տարբեր ժամանակաշրջաններում հայ թատրոնը իր զարգացումն ապրեց։ Ամենամեծ անկումը նկատվեց Առաջին Հանրապետության գոյության բարդ ժամանակաշրջանում` 1918-1920-թվականներին։ Որին հաջորդող Խորհրդային շրջանը հայ թատրոնի զարգացման ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկն էր։
Զ. Շուշեցի