Քարագլուխը ոչ միայն ստրատեգիական նշանակություն ունի, այլև մշակութային շատ հարուստ միջավայր է. Համլետ Պետրոսյան

Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Քարագլուխը պատմամշակութային ժառանգության տեսանկյունից  մեծ արժեք է։

«Ընդհանրապես, ըստ տարբեր աղբյուրների հիշատակումների՝  նախկին անունը Շիկաքար է։ Այնտեղ Սահլ Սմբատյանը (Արցախի հյուսիսային գավառների իշխան IX դարի 1-ին կեսին.- Զ.Խ.)  իր ամրոցը հիմնել է, տարածել իր իշխանությունը։ Եթե մենք խոսում ենք այսօրվա Արցախի, արցախահայության մասին, ապա մինչև նոր ժամանակները փաստորեն Սահլ Սմբատյանը եղել է Արցախի քաղաքական կառույցի հիմնադիրներից մեկը։ Հիմա այնտեղ այդ ամրոցն է պահպանվել, կան մի քանի գյուղատեղեր, որոնցից մեկը Քարագլուխն է, Հին Խրամորթն է՝ իրենց եկեղեցիներով։ Կան բազմաթիվ խաչքարեր, ուղղակի ունիկալ ու շատ հետաքրքիր արձանագրություններով, պատկերաքանդակներով։ Դա Խաչենագետի ներքնահովտի առաջին լեռնաբազուկն է։ Իշխել դրան, նշանակում է՝  հսկողության տակ պահել թե՛ Խաչենագետի հովիտը, թե՛ Կարկառի հովիտը։ Այսինքն՝ այն ոչ միայն ստրատեգիական նշանակություն ունի, այլև մշակութային շատ հարուստ միջավայր է, և այդ տեսակետից, իհարկե, երկուսն էլ  մեծ հարված են և՛ արցախահայության անվտանգությանը, և՛ մշակութային ժառանգությանը՝ սա միանշանակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը։

Խոսելով Տիգրանակերտի ներկայիս վիճակի մասին՝ Համլետ Պետրոսյանը բաց աղբյուրներից ստացած տեղեկություններին հղում կատարելով՝ ասաց, որ Տիգրանակերտը թշնամու կողմից դեռևս չի ոչնչացվում։

«2-3 ամիս առաջ իրենք այցելել էին Տիգրանակերտ ու ինչ-որ բաներ էին նկարում, կարծես թե մեր պեղումների այդ հատվածները հատուկ վնասների հետքեր չեն կրում։ Իրենք Վանքասար եկեղեցու մոտ փորձել են ինչ-որ բան կառուցել, անհասկանալի է, թե դա ինչ է։ Տպավորություն էր, որ եկեղեցին էլ հատուկ փոփոխություն չէր կրել։ Կարծում եմ՝ այստեղ ուրիշ բան է աշխատում, ադրբեջանական կողմը դա ոչ թե կքանդի, կոչնչացնի, որովհետև այն իսկապես հայտնի հուշարձան է, այլ ուղղակի պիտի փորձեն այնպես անել, որ ապացուցեն, թե այն հայկական չէ»,- շեշտեց հնագետը։

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների պատմամշակութային հուշակոթողների համար հատուկ կայք է ստեղծվել, որի միջոցով, ինչպես տեղեկացրեց Համլետ Պետրոսյանը, մեր մշակութային ժառանգության գիտական նկարագիրն են կազմում ու ներկայացնում։

«100-ից ավելի հուշարձան ենք դրել, 40-ից ավելի ահազանգեր, հետևում ենք պատմամշակութային ժառանգությանը, հետևում ենք դրան, ներառելով, իհարկե, նաև մահմեդական հուշարձանները։ Սա այսօր Արցախի մշակութային ժառանգությանը վերաբերող ամենամեծ ակադեմիական հարթակն է, դրանից շատերն են օգտվում, հատկապես՝ ադրբեջանցիները, իրենց անգրագիտությունը մի քիչ վերականգնելու համար»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս