«Հաջորդը ո՞րն է. սկսելու են ամեն տարի 12 հարս ջոկել՝ ուղարկել Բաքո՞ւ». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ում համար էր արդյունավետ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը Շառլ Միշելը համարել էր արդյունավետ:

«Միշելը բավականին ոգևորված էր խոսում, բայց այնպես չէ, որ իր ոգևորության պատճառները և Հայաստանի շահերն իրար հետ համընկնում են: Իրենց համար մեկ խնդիրը Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի սերտ դարձնելն է, մանավանդ հիմա, երբ իրենց առջև խնդիր են դրել հրաժարվել ռուսական գազից. ադրբեջանական գազը, թեկուզ փոքր տոկոս է կազմում, բայց էլի ինչ-որ օգուտ է։ Այնպես որ՝ իրենք հիմա ամեն կերպ փորձելու են Ալիևի հետ լավ հարաբերություններ ունենալ և՛ գազի, և՛ նավթի առումով: Այս իրավիճակում չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ բան մեր շահերից էր բխում: Ամենավատ ազդանշանն այն էր, որ Ղարաբաղ բառն ընդհանրապես չհիշատակվեց Միշելի խոսքում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պատմությունը լի է օրինակներով, երբ միջնորդները ոգևորված հայտնել են որևէ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին, բայց վերջին պահին դա տեղի չի ունեցել, կամ ստորագրությունից մեկ օր անց սկսել են փոխադարձ պահանջներ ներկայացնել:

«Հայաստանը գործող իշխանությունների հետևողական աշխատանքի արդյունքում «ո՛չ» ասելու ռեսուրս չունի: Ամեն ինչ արվել է, որ չկարողանանք որևէ կերպ հայկական շահերը պաշտպանել»,- նկատեց նա:

Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, որ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են Բաքվի շահերին, քարոզչություն չէ, իրականությո՞ւն է, նա պատասխանեց. «Եթե այդպես չէ, թող հայկական կողմը խոսի, ինչ-որ բան ասե՞լ են, որ հակասի այդ պնդմանը, գրվա՞ծ է, թե ինչ ապագա է սպասվում արցախահայությանը՝ ըստ այդ թղթի»:

Դիտարկմանը՝ իշխանությունները խոսել են բացառապես խաղաղության դարաշրջանից, հիմա կասեն՝ տեսեք՝ խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, նա արձագանքեց.

«Տեսեք՝ մի շատ հին ամերիկյան կատակերգություն կա, երբ Մարսից գալիս են, գրավում են Երկիր մոլորակը, և մարսեցի զինվորները, որ քայլում էին փողոցով և կրակում էին մարդկանց վրա, բարձրախոսով ասում էին՝ մենք խաղաղություն ենք բերել, մենք խաղաղություն ենք բերել, ու դրան զուգահեռ՝ մարդկանց կոտորում էին: Հիմա, ուզում եմ հասկանալ, արդյո՞ք մեր ուղեղներն այն կարգի է անջատվել, հայ ազգի ինքնապաշտպանական բնազդներն արդյո՞ք անջատվել են այնքան, որ չենք հասկանում, որ հենց հիմա մեզ վրա կրակում են, թշնամու զինվորը գալիս է, աղավնու նկար կա ձեռքին, բայց կոնկրետ սպանում են, կոտորում են, գրավում են: Ի՞նչ խաղաղության դարաշրջան: Դա այն կեղծ օրակարգն է, որը կրկնելով՝ ուժեղացնում ենք:

Նիկոլ Փաշինյանը մի պատերազմից դուրս չեկած՝ շարունակում է տանել նոր կործանարար պատերազմի: Ապրիլի 5-ի ընդդիմության ցույցի վերաբերյալ իրենք անընդհատ այն թեզն էին տարածում, թե իբր սա պատերազմի ցույց է, սա պատերազմի կուսակցություն է… Հայաստանում հիմա կա պատերազմի մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Իրենք ոչ միայն պատերազմի են տանում, այլ տանում են այնպիսի կորուստների, որոնք շատ ավելի վատը կլինեն, քան որևէ այլ պատերազմում»:

Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ վստահությունն և խաղաղ գոյակցությունը խթանելու համար: Կարեն Վրթանեսյանը այս հայտարարության հետ կապված հետևյալ հարցը հնչեցրեց. «Հայաստանի կողմից էլ ի՞նչ մարդասիրական ժեստեր պետք է արվեն: Ինչ կար՝ տվել են: Հաջորդը ո՞րն է: Սկսելու են ամեն տարի 12 հարս ջոկել՝ ուղարկել Բաքո՞ւ: Ի՞նչ մարդասիրական ժեստեր են անելու: Վիշապին ու մարդկանց դեմ են տվել իրար, ասում են՝ իրար հանդեպ մարդասիրական ժեստեր արեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս