
«Չգիտես` ինչու, քաղաքապետարանը որոշել է, որ քաղաքում ամենատգեղ, վատ բանը մեր ժամանակակից, կոկիկ կայանատեղիներն են». ԷկոՔարս ՍՊԸ-ի հիմնադիրը դժգոհում է, քաղաքապետարանը՝ պարզաբանում

Ապրիլի 4-ին քաղաքապետարանի առևտրի վարչության հրամանով ԷկոՔարս ՍՊԸ-ի Երևանի կենտրոնում գտնվող էլեկտրական լիցքավորման կայաններն ապամոնտաժվել են:
«Չգիտես` ինչու, քաղաքապետարանը որոշել է, որ քաղաքում ամենատգեղ, վատ բանը մեր ժամանակակից, կոկիկ կայանատեղիներն են, ու որոշել է ապամոնտաժել: Խոսքը Ամիրյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Արամի փողոցների մասին է: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպանները հիացած են, որ Երևանում ժամանակակից բան կա տեղադրված, որը նպաստում է, որ ավելի հեշտ անցնեն էլեկտրամոբիլներին: Ո՛չ աղմուկ կա, ո՛չ ծուխ: Եթե հիմնավորում են, որ համայնքային հող է, թող ընթացակարգ մշակեին, ասեին՝ վարձով են տալիս, թե հատկացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը:
Երևանի Քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ պարզաբանեցին.
«Քաղաքացին Էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ տեղադրելու թույլտվություն չի ունեցել: Վերջինիս կողմից, ըստ էության, դրսևորվել է ինքնիրավչություն: Նշված հասցեներում լիցքավորման կայանները տեղադրվել են կամայական սկզբունքով, տվյալ քաղաքացու անձնական նախաձեռնությամբ՝ առանց հաշվի առնելու ընթացակարգով սահմանված քաղաքաշինական պահանջների և այլ չափորոշիչների ապահովման անհրաժեշտությունը:
Քաղաքացին դիմել է աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն, որտեղից վերջինիս պատասխանել են, որ գործունեության տվյալ տեսակի իրականացումը ենթադրում է որոշակի ժամանակահատված՝ խնդիրն ուսումնասիրելու, կայանների տեղակայման վայրերի նպատակահարմարությունը մի շարք նեղ մասնագիտական չափորոշիչներով քննարկելու համար:
Ըստ ամենայնի ՝ քաղաքացին անձնական դրդապատճառներով հաշվի չի առել այս հանգամանքները, և կայանները տեղադրել է ընդհանուր օգտագործման տարածքներում՝ որոշ դեպքերում բետոնապատելով կանաչ գոտին, առանձին դեպքերում էլ՝ երթևեկելի գոտիների կարմիր գծերում, որոնք նույնպես համարվում են ընդհանուր օգտագործման տարածքներ (կայանատեղիներ): Ելնելով վերը նշվածից՝ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ինքնակամ գործունեության արդյունքում քաղաքաշինական տվյալ գործունեությունն իրականացնելու համար սահմանված ընթացակարգերի կոպիտ խախտումներով տեղակայված լիցքավորման կայանները»: