Խաղաղության դարաշրջան նշանակում է՝ խաղաղապահների հեռացում. Կա՞ մի հոգի, որ չի պատկերացնում՝ դա ինչի կարող է բերել Արցախում. Կարեն Ճշմարիտյան

«Ռիսկերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար, գալիս են ոչ այնքան աշխարհում կատարվողից, որքան որ Հայաստանի ներսում տիրող իրավիճակից»,-  «Տնտեսական ռիսկեր, կյանքի դժվարացում» թեմայով քննարկմանը հայտարարեց էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ այսօր աշխարհում պայքարն արժեքների համար է: Անդրադառնալով հայաստանյան մարտահրավերներին՝ նա նկատեց, որ այսօր առաջնային են անվտանգային խնդիրները:

«Հայաստանի համար ռիսկերը. առաջին տեղում ես կդնեի անվտանգային ռիսկը։ Որովհետև թուրքական աշխարհի գայթակղությունը՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու, այսօր շատ արդիական է, իսկ դա արդեն զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում Հայաստանը,- նշեց Կարեն Ճշմարիտյանը, ապա այս համատեքստում անդրադառնալով խաղաղության օրակարգերին՝ հավելեց,- Այս քաղաքականության պայմաններում գնալ ու խնդրել,  ասել՝ եկեք խաղաղության դարաշրջան սկսենք, անհասկանալի է, որովհետև խաղաղության դարաշրջան նշանակում է՝ խաղաղապահների հեռացում:  Կա՞ Հայաստանում մի հոգի, որ գենետիկ հայ է և չի պատկերացնում, թե խաղաղապահների հեռացումն ինչի կարող է բերել Արցախում, դրանից հետո՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Արարատում, Տավուշում, դրանից հետո էլ ի՞նչ Երևան»:

 

Տեսանյութեր

Լրահոս