«Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի սահմաններից, իսկ միայն այդ սահմաններում էին Նախիջևանն ու Արցախը. ի՞նչ տարածքային ամբողջականության մասին կարող է խոսք լինել». ադրբեջանագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ի թիվս բազմաթիվ հարցերի՝ հանդիպման ընթացքում պետք է խոսել նաև Խրամորթի, հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման մասին:
«Ասում են՝ խաղաղության պայմանագիր կնքենք: Մենք պատերազմ հայտարարե՞լ ենք, որ խաղաղության պայմանագիր կնքենք: Չէ՞ որ դրանով ադրբեջանական ջրաղացին ջուր ենք լցնում: Իսկ, եթե կնքենք նաև փոխադարձ տարածքային ամբողջականության մասին, այսպես կոչված, պայմանագիր, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, կստացվի, որ մեր զորքերը 30 տարիների ընթացքում ի՞նչ էին անում այդտեղ: Ալիևը չի թաքցնում, որ պատրաստվում է մեր երկրի դեմ հայցադիմումներ ներկայացնել տարբեր միջազգային ատյաններ՝ փոխհատուցման հետ կապված:
Պետք է հիշել, որ Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի սահմաններից: Իսկ միայն այդ սահմաններում էին Նախիջևանն ու Արցախը. ի՞նչ տարածքային ամբողջականության մասին կարող է խոսք լինել: Պետք է մտածել այն մասին, թե ինչ մեծ ծուղակ է նախատեսվում: Չենք խուսափի ադրբեջանական նոր ագրեսիայից: Հիշենք 2022թ. փետրվարի վերջին Եվրանեսթի շրջանակներում Երևան այցելած խորհրդարանականների՝ իրանական Կապույտ մզկիթ այցը. լուսանկարվել ու գրել էին, թե 18-րդ դարի կառույցը Հայաստանի մայրաքաղաքում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Մեջլիսի անդամները նաև հույս էին հայտնել, թե այդ մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան այնտեղ աղոթել։ Հիմա հարց. այս դեպքում որտեղո՞վ է անցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմանը, եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Սևանի ավազանը, Տավուշը, Զանգեզուրն ու Վայոց ձորը, Արարատի մարզի մեծ մասն ադրբեջանական պատմական հողերն են: Ի՞նչ տարածքային ամբողջականություն, ո՞ր քարտեզով:
Այն քարտեզներով, որ 2022թ. Բաքվո՞ւմ են տպվել: Այդ քարտեզներո՞վ պետք է սահմանազատում և սահմանագծում անցկացնենք: Պարզ է, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ փորձում է երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական ներկայությունը այստեղից չքվի: Մեզնից ի՞նչ է կախված. ոչ թե այն, թե ինչ պետք է անենք, այլ այն, թե ինչ չպետք է անենք: Ամենամեծ սխալը կլինի՝ ջուրը չտեսած բոբիկանալ և գնալ ու ստորագրել այնպիսի բանի տակ, որի տակից դուրս չենք գալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը՝ հավելելով, որ խաղաղությունը լավ է, ոչ թե անձնատվությունը:
«Քեզ թշնամու դատին հանձնելը խաղաղության ճանապարհ չէ: Չէ՞ որ Ալիևը շարունակում է հոխորտալ, սպառնալ, ու դա անլուրջ ընդունելը սխալ կլինի»,- եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը: