Մեր երեխեքին՝ զինվորներին, ռազմագերիներին սարքել են աշխարհաքաղաքական նվեր․ Արմեն Աշոտյան
Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «ինչ սպասել բրյուսելյան հանդիպումից» հարցադրմանը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց ռազմագերիների վերադարձի հարցը: Նա արձանագրեց այդ հարցում իշխանությունների ձախողումը:
«Վիրավորական է այն փաստը, որ մեր երեխեքին՝ մեր զինվորներին, ռազմագերիներին սարքել են աշխարհաքաղաքական նվեր: Այսինքն՝ հանդիպում են Բաքու-Երևան-Բրյուսել, ու Բրյուսելի միջնորդական ջանքերով մի տասը ռազմագերի, Աստված առաջ՝ բոլորին ազատեն, մեզ նվեր են անում. մեր տղերքին տարել են, նստեցրել են, տանջել են, հետո էլ՝ ուրիշի բանով… մեզ նվեր են անում:
Սա գեոպոլիտիկի թրաֆիկինգ է, մարմնավաճառություն է, ու մենք էլ, ունենալով այս ապիկար ռեժիմը, մեկուկես տարի չենք կարողանում մեր երեխեքին հետ բերենք: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սաղ կետերը կատարվել է, միայն այդ կետը չի կատարվել»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց. «Էդմոն Մարուքյանը, հենց նշանակվեց Նիկոլի անձնական հանձնառություններով դեսպան, կնքեց իր քաղաքական մահկանացուն: Մինչ այդ՝ քաղաքական գործիչ էր: Ու հիմա՝ դժոխքի վերածված ՀՀ դիվանագիտության մեջ սպասարկում է սատանայի շահերը»: