Երկու ամսում՝ ևս 100 մլն դոլար․ նոր պարտքեր

Պարտքերի նկատմամբ ժամանակին քրոնիկ ատելությամբ տառապող Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո համառորեն պետության վրա նոր պարտքեր է կուտակում։ Անցած տարի պետական պարտքը ծանրացավ ավելի քան 1,2 մլրդ դոլարով։ Այս տարվա մեկնարկին էլ պարտքը շարունակում է աճել. 2 ամսում պարտքն ավելացել է շուրջ 100 մլն դոլարով։

Բայց սա միայն սկիզբն է։

Վարկային այն համաձայնագրերը, որոնք վերջերս ստորագրեց կառավարությունը, դեռևս ներառված չեն այս գումարի մեջ։ Դրանք պարտքային պարտավորություններում ավելի ուշ կերևան։ Խոսքը՝ ինչպես Համաշխարհային բանկից, այնպես էլ՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամից ներգրաված նոր պարտքերի մասին է։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 մլն դոլար։

Նախկինում դեմ լինելով վարկերին, հիմա կառավարությունում նույնիսկ հպարտանում են, որ վարկեր են վերցնում, որ դեռ իրենց վարկ տվողներ կան։ Ոչինչ, որ դրանով սերունդներին դնում են նոր պարտքերի բեռի տակ, ու դեռ գալու է նաև այդ պարտքերը վերադարձնելու ժամանակը։

«Լավ օրից է, որ կարողանում ենք պարտք ներգրավել, որովհետև, եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ մեկը պարտքով փող չէր տա»,- հերթական վարկային համաձայնագիրն Ազգային ժողովում ներկայացնելիս՝ հպարտանում էր ֆինանսների փոխնախարարը։

Նրա ասածների մեջ գուցե ճշմարտություն կա, բայց այդ ճշմարտությունը կիսատ է։

Պարտքով փող տալուց առաջ պարտքատերը մտածում է ոչ թե՝ այդ երկրի տնտեսության, այլ առաջին հերթին՝ այն մասին, թե պարտք վերցնողն ինչքանով է ի վիճակի այն վերադարձնել։ Դրա համար էլ, երբ պարտք են տալիս, նաև պայմաններ են թելադրում։ Հատկապես, թե ինչ պետք է անել, որպեսզի պարտքը փակելու հետ կապված խնդիրներ չլինեն։

Պատահական չէ, որ պարտքերը շատ հաճախ ուղղակիորեն կապված են լինում հարկային բեռի ծանրացման հետ։

Այս անգամ էլ այդպես է լինելու։

Պարտքը տվել են ու իրենց պայմանները թելադրել։ Կառավարությունն էլ համաձայնել է, որովհետև փողի կարիք ունի։ Պետական բյուջեում մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող դեֆիցիտ է պլանավորել ու հիմա ստիպված է միջոցներ գտնել այն փակելու համար։

Այն, որ Հայաստանին դեռ պարտք տվող կա, գուցե լավ է, բայց դա չի նշանակում, թե լավ օրից է, որ պարտքեր ենք վերցնում։

Պարտքերը լավ օրից չէ, որ վերցնում են։ Զարմանալի չէ, որ պարտքերն անշեղորեն ավելանում են՝ հատկապես ճգնաժամերի ժամանակ, երբ տնտեսության կարողությունները կրճատվում են, նվազում են նաև պետության ֆինանսական հնարավորությունները։ Կառավարություններն էլ ստիպված պարտքեր են վերցնում, որպեսզի բյուջեի ծախսերը կատարեն։

Սա ոչ թե՝ լավ, այլ՝ վատ օրից է գալիս։

Պարտք վերցնում են, որովհետև փող չեն ունենում՝ երբեմն նույնիսկ ընթացիկ, այդ թվում՝ պաշտպանված ծախսերը կատարելու, աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարելու, առողջապահական ու սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Որքան քիչ է փողը, այնքան մեծ է պարտքեր վերցնելու գայթակղությունը։ Բայց նման գայթակղությանը չպետք է տրվել, որովհետև դա հետո կարող է շատ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնել։

Ու չնայած դրան, ոչ բոլորն են կարողանում իրենց զրկել նման գայթակղությունից։

Այն, ինչ վերջին տարիներին տեսնում ենք իշխանությունների կողմից։

Ընդամենը 4 տարում այնքան պարտք են վերցրել, որքան նախորդ առնվազն 10 տարիներին։ Չորս տարում պարտքն ավելացրել են 36-37 տոկոսով։

Պարտքեր վերցնելը գուցե վատ չէ, բայց դա պետք է արդյունք տա, այդ գումարները պետք է աշխատեն, նպաստեն տնտեսության պոտենցիալի ավելացմանը։ Այնինչ՝ այդքան պարտք ենք վերցրել, սակայն արդյունքը չենք տեսնում։

Մեր տնտեսությունն ավելի դանդաղ է աճում, քան պարտքերը։ Իսկ դա նշանակում է, որ վերցված գումարները չեն ծառայում տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը։ Մի բան, ինչը բերում է ՀՆԱ նկատմամբ պարտքի բեռի ավելացման։ Այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։

Մեր պարագայում խնդիրը ոչ միայն պարտքի, այլև տնտեսության դանդաղ աճի մեջ է։

Վերջին չորս տարիներին տնտեսության աճի տեմպը խիստ ցածր է եղել։ Տարեկան այն կազմել է, միջին հաշվով, ընդամենը 2,7-2,8 տոկոս։

Մինչդեռ այդ ընթացքում պարտքն ավելացել է միջին տարեկան շուրջ 9 տոկոսով։

Պարտքի աճի տեմպն առնվազն 3 անգամ ավելի մեծ է եղել տնտեսական աճից։

Սրա հետևանքով էլ պարտքի ցուցանիշները գնալով վատացել են։

Կառավարությունը հույս ուներ, որ գոնե այս տարի հնարավոր կլինի որոշ չափով շտկել իրավիճակը՝ ակնկալվող առնվազն 7 տոկոս տնտեսական աճի արդյունքում։ Բայց վերջին շրջանում համաշխարհային ու Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում տեղի ունեցող պրոցեսները նոր ռիսկեր են ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Թեև մինչ այդ էլ մասնագետները մեր տնտեսության աճի հավակնությունները բարձր չէին գնահատում, որքան էլ կառավարությունն առնվազն 7 տոկոսի ակնկալիք էր դրել պետական բյուջեում։ Միայն այն, որ այդ ակնկալիքները հիմնված էին հիմնականում պետական բյուջեի կապիտալ ծախսերի վրա, բավական էր նման ենթադրություն անելու համար։

Կապիտալ ծախսերը, որքան էլ տնտեսության զարգացումների համար կարևոր գործոններից մեկն են, մշտապես թերակատարվում են։ Ու այն, որ այս տարվա բյուջեով կառավարությունը բյուջետային կանոններից ելնելով՝ հարկադրված գնացել է շատ ավելի մեծ ծավալի կապիտալ ծախսերի նախատեսման, առանց հաշվի առնելու իրականացման իրական հնարավորությունները, հիմքեր են տալիս մտածելու, որ հերթական անգամ կառավարությունը ձախողելու է այդ ծախսերը։ Բայց հիմա այլևս միայն դա չէ խնդիրը. վերջին շրջանում ավելացել են բազմաթիվ այլ գործոններ՝ հատկապես արտաքին միջավայրում։

Ու կրկին մեր տնտեսությունը կանգնած է աճի հավակնությունները զսպելու փաստի առաջ։ Թե դա ինչպե՞ս կազդի պարտքի միտումների վրա, կարելի է միայն ենթադրել. մինչ տնտեսությունը հերթական փորձության առջև է, և բազմաթիվ անորոշությունների պատճառով դեռ հայտնի չէ, թե ինչպես դուրս կգա այդ իրավիճակից, կառավարությունն անշեղորեն ավելացնում է պարտքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս