Ներդրողների մոտ երկրի նկատմամբ վստահության մեծ դեֆիցիտ կա

Տնտեսական ազատության ցուցիչով, Հայաստանի դիրքերը վատացել են։ Ըստ ամերիկյան The Heritage Foundation հաստատության վերջերս հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցի, 2 տարվա ընթացքում Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը. նախկին 58-ից հայտնվել է 34-րդ տեղում։

Երկու տարում 24 հորիզոնականով հետ ենք գնացել։

Այսքանից հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ մեր տնտեսության մեջ ներդրումներ չեն կատարվում։ Իշխանություններին թվում է, թե ներդրումներից անընդհատ խոսելով կամ օր ու մեջ ներդրումներով զբաղվող կառույցներ ստեղծելով՝ ներդրումները երկնքից թափվելու են։

Այսօր Հայաստանում ներդրողներին օժանդակելու ու տնտեսության մեջ ներդրումները խթանելու համար տարբեր կառույցներ կան՝ «Ներդրումների աջակցման կենտրոն», «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և այլն։ Դրանք քիչ են, վերջերս էլ ներդրումային կոմիտե ստեղծվեց։ Կոմիտեի գործունեության նպատակը լինելու է ներդրումային ծրագրերի նախագծերի ընտրությունը, առաջնահերթությունների որոշումն ու հաստատումը։

Թե հերթական կառույցի ստեղծումն ինչպե՞ս կազդի ներդրումների վրա, կտեսնենք հետագայում։

Փաստ է, որ մեր տնտեսությունը չի փայլում ներդրումների և հատկապես օտարերկրյա ներդրումների հոսքերի ակտիվությամբ։ Կար ժամանակ, երբ հազար ու մի պատճառաբանություն էին բերում, թե ինչու ներդրումներ չեն լինում։ Հետո սկսեցին խոսել միլիարդների հասնող ծրագրերից, երբեմն-երբեմն հավաքվում էին կառավարությունում, քննարկում այդ ծրագրերը, բայց էլի ներդրումներ չկային կամ շատ քիչ էին։ Այսօր էլ շատ բան չի փոխվել։

Հավանաբար շատերն արդեն մոռացել են, թե 2 տարի առաջ ինչպիսի ոգևորությամբ էին խոսում Հայաստանում ավտոբուսների արտադրության ներդրումային ծրագիր իրականացնելու մասին։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում կառավարությունը ժամանակին հաստատեց այդ ծրագիրը, նույնիսկ գումար հատկացրեց։ Խոսքը հայ-կորեական ավտոբուսների արտադրության մասին է։

Ծրագրի հաստատումից հետո սկսեցին մեծ-մեծ խոսել, թե ուր որ է Հայաստանը սկսելու է ավտոբուսներ արտադրել, դառնալու ենք ավտոմեքենաներ արտադրող երկիր։ Թեև խոսքն ընդամենը պահեստամասերը դրսից բերելու և Հայաստանում ավտոբուս հավաքելու մասին էր։ Բայց նույնիսկ դա էլ չիրականացավ։ Այդ ծրագրի մասին վաղուց արդեն մոռացել են։ Հայտնի էլ չէ, այն կա՞, թե՞ չեղարկվել է։

Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են իրականանում ներդրումային ծրագրերը։

Բազմաթիվ այդպիսի ծրագրերը մնացել են թղթի վրա, մի մասն էլ ձևական կամ ֆոն ապահովելու համար մեկնարկել են ու կարճ ժամանակ հետո կրկին փակվել։

Իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ հայտարարվել է միլիարդների հասնող ներդրումային փաթեթների մասին։ Հիմա էլ, երբ հարցնում ես պատասխանատուներին, չեն վարանում հայտարարել, որ Հայաստանում ներդրումների պակաս չկա։

Անցած տարվա սկզբին էր, որ էկոնոմիկայի նախարարը ներդրումների հորդելուց ու տնտեսության վերելքներից էր խոսում։ Հետո, երբ հրապարակվեցին ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, պարզվեց՝ նախարարի նման ոգևորության համար բացարձակ հիմքեր չկային։ Բայց դա չէր խանգարում, որ նախարարը վերստին ու վերստին կրկներ, որ Հայաստանում ներդրումների պակաս չկա։

Վերջերս էլ հայտարարում էր, թե ունենք և՛ օտարերկրյա, և՛ ուղղակի ներդրումների տպավորիչ աճ։

Տարվա սկզբին էլ նախարարը նույն էնտուզիազմով գյուղատնտեսության ոլորտում սպասվող տպավորիչ աճերից էր խոսում։ Տարվա վերջին պարզվեց, որ գյուղատնտեսության մեջ ոչ միայն աճի նշույլ չկա, այլև անկում է արձանագրվել։ Հիմա ներդրումների տպավորիչ աճերն են։ Ներդրումների վերաբերյալ անցած տարվա ամբողջական տվյալները դեռևս չեն հրապարակվել, դրանք կլինեն հավանաբար հաջորդ ամիս, բայց նախարարը նախապես տպավորիչ աճերից է խոսում։

2020թ. տխուր իրավիճակից հետո, անշուշտ, ներդրումների որոշակի աճ կարող ենք ակնկալել։ Սակայն դրանց ծավալներն այնքան փոքր են, որ լուրջ ներդրումների, առավել ևս՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին խոսելն անիմաստ է։

Չնայած իշխանափոխությունից հետո արված բազմաթիվ հավաստիացումներին, վերջին տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները սահմանափակվել են հիմնականում 250 մլն դոլարի շրջանակներում։ Իսկ դա մեծ գումար չէ նույնիսկ մեր փոքր տնտեսության համար։

Մեր տնտեսությունը շարունակում է մեծապես կաղալ օտարերկրյա կապիտալի ներգրավման առումով։ Անցած տարի նույնիսկ բանկային կապիտալի հոսքերի կրճատում ունեցանք։ Վարկային ներդրումները նվազեցին 400-450 մլն դոլարով։

Պատճառները ոչ միայն զուտ տնտեսական են, այլև աշխարհաքաղաքական։ Վերջին տարիներին մեր երկրի ներդրումային միջավայրի խնդիրներն ավելի են սրվել՝ կապված տարածաշրջանում պահպանվող անորոշությունների ու լարվածության հետ։

Անկախ նրանից, թե ինչ կասեն պետական պաշտոնյաները, մասնագետները էական ակնկալիքներ չունեն ներդրումների, հատկապես՝ դրսի ներդրումների առումով։ Կլինեն հետաքրքրություններ հիմնականում ներսից, բայց ոչ շատ։ Դրսից ներդրումների հավանականությունը շատ փոքր է։

Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներից հետո ընդհանրապես հարցականի տակ են Ռուսաստանից ակնկալվող ներդրումները։ Մինչդեռ Ռուսաստանը մշտապես եղել է մեր ներդրումային հիմնական և ամենախոշոր գործընկերներից մեկը։

Այսպիսի իրավիճակում ինչքան էլ նոր կառույցներ ու ներդրումներին աջակցող կոմիտեներ ստեղծվեն, դրանից մեծ բան չի փոխվելու։ Խնդիրները շատ ավելի լուրջ են, քան այս կամ այն կառույցի ստեղծումն է։

Ներդրողների մոտ առկա է մեր տնտեսության և երկրի նկատմամբ չափազանց բարձր վստահության դեֆիցիտ։ Դժվար է նույնիսկ ասել, թե երբ հնարավոր կլինի այն հաղթահարել։ Ներդրումները երբեք օդից չեն ընկնում, ինչպես ժամանակին պատկերացնում էին այսօրվա իշխանությունները։ Կյանքը նրանց փաստի առաջ կանգնեցրեց, բայց նույնիսկ դա դաս չեղավ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս