Դարպասները բացվում են նաև արտաքին խաղացողների համար. մասնագետները՝ հայ-թուրքական օրակարգում հնարավոր էներգետիկ հարցերի մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկած գործընթացի շուրջ հանրային դրական սպասումներ ձևավորելու համար իշխանական ու մերձիշխանական շրջանակները ջանք չեն խնայում։ «Սահմանները կբացվեն, առևտուրը կզարգանա, տնտեսությունն աննախադեպ առաջընթաց կունենա» հավաստիացումների պակաս չկա, սակայն, չգիտես՝ ինչու, մոռանում են թուրքական կապիտալի արկածները Վրաստանում՝ հենց մեր քթի տակ:
Նկատենք, որ օրերս նաև փորձագիտական շրջանակներից եղան հավաստիացումներ, որ, օրինակ, էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա կնպաստի հայ-թուրքական մեկնարկած գործընթացի կայացմանը, մասնավորապես, հիշել էին Գյումրի-Կարս բարձրավոլտ գծի վերաթողարկման ծրագիրը, որի շուրջ բանակցություններ էին ընթանում դեռ 2009թ.:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ անգամ Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու մասին պայմանագիր էր ստորագրվել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» և թուրքական Unit ընկերությունների միջև:
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում, սակայն, վեր հանեց հին սցենարի նոր խոչընդոտները:
Նա մասնավորապես նշեց. «Մենք այսօր գտնվում ենք լիովին այլ պայմաններում, որովհետև եթե 2008, 2009, 2010թթ. Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգետիկ պակասորդ, որը տարեկան գնահատվում էր մինչև 9600 մեգավատտ, ապա այսօր Թուրքիան բավականին ակտիվ տեմպերով կառուցում է էլեկտրաէներգիա գեներացնող օբյեկտներ, խոսքը, մասնավորապես, «Աքքույու» 4800 մեգավատտանոց ատոմակայանի մասին է, արագ տեմպերով կառուցվում են հիդրոէլկտրակայաններ, մեծ զարկ է տրված վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այսինքն՝ այսօր Թուրքիան չունի էլեկրտրաէներգիայի ընդգծված պակասորդի խնդիր: Այն պակասորդն էլ որ կա, կանխատեսելիության տիրույթում է»:
Փորձագետը հիշեցնում է, որ Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունն արձանագրում է՝ մինչև 2023 թ. հաղթահարվելու է պակասորդը, իսկ 2025 թվականից ի վեր՝ Թուրքիան հաղթահարելով պակասորդը՝ կսկսի ակտիվորեն զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի էներգետիկ համակարգի ՕԳԳ-ն չափազանց ցածր է, արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը գնալով բարձրանում է՝ հաշվի առնելով նաև շուկայի ազատականացման գործընթացը, որը, թերևս, ավարտին է հասցվում, կարող ենք ասել, որ դարպասները բացվում են նաև արտաքին խաղացողների համար»,- նկատեց Վահե Դավթյանը՝ տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ Հայաստանում 6 լիցենզավորված ընկերություններ կան, որոնք էլեկտրաէներգիա մատակարարելու իրավունք ունեն և կարող են էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկայից:
Նա հավելեց, որ թեև խոսքն այս պահին դեռևս Վրաստանից ներկրման մասին է, սակայն նկատի ունենալով Թուրքիայի նկրտումները, պետք չէ բացառել նաև Թուրքիայի մասնակցությունը.
«Իսկ այդ բարձրավոլտ գծի վերաթողարկումը կարող է հանգեցնել Թուրքիայից ՀՀ էներգետիկ կախվածությանը:
Բայց հաշվի առնելով Հայաստանի Աժ-ում առևտրական մտածողություն ունեցող պսևդոքաղաքական գործիչների տրամադրություններն ու ախորժակները, ինչպես նաև ՀՀ էներգետիկ համակարգի թիրախային ապաանվտանգայնացումը, պետք չէ բացառել, որ այս հարցը շատ ակտիվորեն լոբբինգի կենթարկվի և կլինի առանցքայիններից մեկը հայ-թուրքական այս օրակարգում»:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն էլ նշեց, որ այս ծրագիրը 2009 թվականից առաջ ևս շրջանառվում էր, քանի որ Գյումրի-Կարս գծով դեռ խորհրդային տարիներին Հայաստանը Թուրքիային հոսանք էր մատակարարում, հատկապես՝ Թուրքիայի արևելյան շրջաններ, որտեղ այդ առումով վիճակը բավականին վատ էր:
«Թուրքիան հետագայում դա մերժեց՝ պատճառաբանությամբ, թե մենք հայկական հոսանք չենք վերցնի, սակայն այդ հոսանքը նույն Հայաստանը վաճառում էր Վրաստանին, իսկ Վրաստանն ավելի թանկ գնով վաճառում էր Թուրքիային»,- հիշեց Տիրան Լոքմագյոզյանը:
Ըստ նրա՝ եթե անգամ Գյումրի-Կարս բարձրավոլտ գծի վերաթողարկում լինի, դա հայ-թուրքական օրակարգին բնավ չի առնչվում, և կլինի հերթական լավությունը Թուրքիային:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ՀՀ-ում ազատականացվել է էլեկտրական էներգետիկայի շուկան։ Եթե մինչ այս ՀՀ-ում բոլոր էներգիա սպառողներին բացառապես էլեկտրական էներգիա էր մատակարարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, ապա հիմա բաժանորդներն ազատ են էլեկտրաէներգիա գնելու համար ընտրել այլ մատակարար ընկերություն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ 6 ընկերությունների տվել է լիցենզիաներ՝ սպառողներին հոսանք մատակարարելու համար։
Ներկայումս լիցենզավորված են «Օպտմիում Էներջի» ՍՊ, «Էներջի Սփլայ» ՍՊ, «Էներէքս» ՓԲ, «Էներգո Թրեյդ Սերվիս» ՓԲ, «Դաբլյու Էս Սփեշլիսթ» ՍՊ, «Էներջի Պրովայդեր» ՍՊ ընկերությունները։ Լիցենզիայի համար դիմած այլ ընկերությունների հայտերը ՀԾԿՀ-ում դեռևս քննության փուլում են։