«Ուզո՞ւմ են խաղաղ ապրենք՝ թող վերադարձնեն Շուշին, Հադրութը և մյուս տարածքները. կա՛մ պետք է ապրենք, կա՛մ ոչնչանանք». Նունե Սարումյան

Չնայած ՀՀ իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ամեն վայրկյան հիշեցնում է, որ տարածաշրջանում բացում է «խաղաղության դարաշրջան», այդուհանդերձ Արցախում այս խաղաղության կոչերի համարժեք արձագանքը թշնամու կողմից չեն տեսնում։ Խաղաղությանն ի պատասխան՝ ադրբեջանական կողմը կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վնասում Արցախին գազ մատակարարող խողովակը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանն ասաց, որ Արցախի համար առհասարակ ընդունելի չէ «խաղաղության պայմանագիր» ասվածը, որովհետև շատ լավ գիտեն, թե այն իրենից ինչ է ենթադրում։

«Ոչ մի ժամանակաշրջանում ո՛չ թուրքը, ո՛չ ադրբեջանցին չեն հասկացել՝ ինչ բան է խաղաղությունը, նրանք դրան պատրաստ չեն։ Նրանք խաղաղության մասին խոսելով՝ Արցախին զրկում են գազից, խաղաղություն ասելով՝ փակում են մեր ճանապարհները, ներխուժում մեր տարածքներ և դրանք օկուպացնում, հայ գյուղացուն զրկում իր տնից։ Հիմա, որ «բայրաքթար» են ուղարկում մեր խաղաղ բնակավայրերի վրա, դա խաղաղությո՞ւն է»,- նշեց Նունե Սարումյանը։

Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ներկայիս իշխանություններն ինչպես են պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությունն Արցախում, ինչպես նաև Հայաստանում այսօր առկա իրավիճակի և հայկական կողմի ունեցած զոհերի պարագայում դրանք բոլորովին այլ բան են ապացուցում։

«1990-ից առաջ՝ 1960-88-ական թվականների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հրապարակած իմ գրքում մանրամասն ներկայացված է, թե ադրբեջանցիներն Արցախում ինչ վայրագություններ են արել։ Այդ ժամանակվանից սկսած ադրբեջանցիները պարզապես ոչնչացնում էին Արցախի բոլոր հուշարձանները, իսպառ վերացնում թանգարանները։ Ոտնձգություններ էին թույլ տալիս նաև հայոց պատմության, հայ մտավորականության նկատմամբ։

Նրանք մեզ արգելում էին ուսումնասիրել հայոց պատմություն. դպրոցում պարզապես հավաքեցին բոլոր դասագրքերը և արգելեցին դրանք բացել։ Այս ամենը տեղի էր ունենում իրենց ասած «խաղաղության դարաշրջանում» եղած ժամանակահատվածում, երբ արցախյան շարժումը դեռևս չէր սկսվել։ Համալսարանում, որտեղ մեր դեկանն ադրբեջանցի էր, նույնպես մեզ արգելել էր ուսումնասիրել հայոց պատմություն։ Նրանք մեզ արգելում էին որևէ այց կատարել այս կամ այն պատմական հուշարձանի տարածք։ Երբ կուրսով փորձեցինք գնալ Տաթև, թուրք դեկանը կանգնեց ու բացահայտ հայտարարեց՝ ձեր այցը արտասահման խստիվ արգելվում է, որից հետո մենք չգնացինք։

Նրանք ինձ հետևում էին, որպեսզի գաղտնի այցով չգնանք Տաթև ու դուրս չգանք Ղարաբաղի տարածքից։ Եթե որևէ մեկը դպրոցում ազգասիրական ոգով դաս էր վարում, նրանց երեխաների հետ դատաստան էին տեսնում։ Չգիտեմ՝ որը ասեմ, բռնություններ էին տեղի ունենում երեխաների նկատմամբ, աղջիկ երեխաներին սպանում էին, բռնաբարում։ Երեխաներից մեկի սպանության միայն մեկ դեպք նկարագրեմ՝ երեխայի գլուխը մեխերով ծակել էին, սպանել ու նետել էին «լուկի» մեջ, օրերով փնտրեցին այդ երեխային, հետո այնտեղից գտան, սա չէ՞ր նրանց խաղաղությունը»,- հավելեց Ն. Սարումյանը։

Ըստ նրա՝ այս ամենից հետո արցախահայությունը բարձրացրեց իր դժգոհության ձայնը՝ հայտարարելով, որ այլևս այդ պայմաններում չի կարող ապրել, որովհետև Ադրբեջանն արգելում էր հայերենով ապրել ու շնչել։ Այդ շրջանը ցավոտ է, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նույնը չի կրկնվի և ավելի վատ սցենարով։ Իսկ արդեն 90-ականներին Ադրբեջանը կազմակերպեց Մարաղայի ջարդերը։

«Երբ ցույցեր էին անում, հասարակ ադրբեջանցիները մեզ հետ դուրս էին գալիս հրապարակ, չէին հասկանում՝ ինչ է կատարվում, իսկ մենք ընդամենն ասում էինք, որ ուզում ենք ազատ ապրել, հայ ապրել ու չենք ուզում նրանց հետ ապրել։ Հետո Բաքվից նրանց հանձնարարեցին, որ այլևս չմասնակցեն, նրանց տարան Շուշի, այնտեղից էլ Բաքու։

Այսօր մեր առաջնային խնդիրը ժողովրդի համախմբումն է, բոլորի ուժերը մեկտեղ պետք է կենտրոնացվեն և կենտրոնացվեն ճիշտ ղեկավարի շուրջ։ Եթե այս ամենը չանենք՝ կրկին կորուստներ ենք ունենալու: Մեկ բան հաստատ գիտեմ՝ արցախցին երբեք Արցախից դուրս չի գա, որքան էլ ուզում են՝ թող հայտարարեն, թե ցեղասպանելու են։

Այդ կորուստներից հետո մենք վերադարձանք ու ապրեցինք այստեղ և շարունակելու ենք ապրել։ Հիմա մեզ անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, որին ժողովուրդը կհավատա, շատ գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց մենք գիտենք, թե մեր տղամարդիկ որտեղ են գտնվում, ինչ են անում։ Կարելի է համախմբվել, ըմբոստանալ, արցախցին ըմբոստ ոգի ունի։ Սկզբում հավատում է, հավատում է ղեկավարին, իշխանավորին, բայց հետո կանգնում է փաստի առաջ։ Հավատացին, նահանջեցին, հետո պարզվեց, որ որտեղ հավատում են, այդ տարածքը զիջում են։ Հիմա նման բան այլևս չկա, հիմա որևէ մեկն այդ ղեկավարությանը չի հավատում՝ կանգնում ու իր տունը պահում է։ Ուզո՞ւմ են խաղաղ ապրենք՝ թող վերադարձնեն Շուշին, Հադրութը և մյուս տարածքները։ Ինչ ասեմ՝ կա՛մ պետք է ապրենք, կա՛մ ոչնչանանք»,- եզրափակեց Նունե Սարումյանը։

Տեսանյութեր

Լրահոս