«Այս պայմաններում մեր կողմից «խաղաղության օրակարգի» առաջադրումն առնվազն միամտություն է». Գոռ Գևորգյան

Մարտի 28-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել ՀՀ ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ադրբեջանին առաջարկելով անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Այս ամենին հաջորդեցին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եղած մի շարք հայտարարություններ։ Ադրբեջանի նախագահն անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպմանը, մասնավորապես ասել է.

«Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքներն ու տեսակետը»։

Իսկ Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանները:

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ Գոռ Գևորգյանն անդրադառնալով այս բոլոր գործընթացներին, մասնավորապես՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հնչած հայտարարություններին, նկատեց՝ նախ պետք է հասկանալ, որ ներկայիս քաղաքականությունը, որը տարվում է Ադրբեջանի և Թուրքիայի, այսպես ասած՝ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից, ամենևին էլ նորություն չէ։

«Առնվազն վերջին 2 տարիների ընթացքում, այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո, այդ դաշինքը, որն իրականացնում է այս քաղաքականությունը՝ նորություն չէ։ Եթե հետևենք ժամանակագրությանը, ապա կտեսնենք, որ շատ հստակ ուղղորդված, ամենաբարձր քաղաքական մակարդակով, հայատյաց քաղաքականություն է տարվել ու տարվում է։ Այդ ամենի վառ ապացույցը Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներն են։ Այս պարագայում մենք առնվազն պետք է հասկանանք, թե մեր իրական քաղաքական օրակարգը որն է, և այդ օրակարգը պետք է բացառապես սպասարկի ազգային ու պետական շահը»,- նշեց Գոռ Գևորգյանը։

Հարցին՝  Հայաստանն այսօր ունի՞ իրական քաղաքական օրակարգ, Գոռ Գևորգյանը պատասխանեց, որ խաղաղ համագոյակցությունը ցանկացած պետության բնականոն զարգացման ամենակարևորագույն բաղադրիչներից է։ Սակայն խաղաղ համագոյակցության համար յուրաքանչյուր պետություն պետք է առաջին հերթին ինքը գիտակցի՝ այդ խաղաղ գոյակցությունը համապատասխանո՞ւմ է իր արտաքին քաղաքական շահերին, թե՞ ոչ։

«Մեր կողմից այս պայմաններում խաղաղության օրակարգի առաջադրումն առնվազն միամտություն է։ Ինչո՞ւ, որովհետև մեր հակառակորդ պետությունը բացարձակ թշնամական ուղերձներով ու գործողություններով առնվազն վերջին 2 տարիներին շարունակում է առաջ շարժվել իր սեփական օրակարգով, որը խաղաղության հետ որևէ աղերս չունի։ Կարող ենք ենթադրել, որ այդ քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն, և ըստ էության փորձել Արցախի կարգավիճակը կարգավորել այնպես, ինչպես համարժեք է թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությանը»,- հավելեց Գոռ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական լարվածությանը և այդ համատեքստում Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօր ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի ուշադրությունն է կենտրոնացած Ուկրաինայի վրա։

«Այս պարագայում ակնկալել, որ որևէ ուժ, պայմանական ասած՝ կարող է բարիդրացիական վերաբերմունք դրսևորել մեր օրհասական խնդիրների նկատմամբ, մասնավորապես՝ Արցախի հարցում, դարձյալ աչքակապություն է։ Այստեղ միայն մեկ շահագրգիռ կողմ կա, որի խաղաղապահ ուժերը գտնվում են Արցախում՝ դա Ռուսաստանն է։ Եթե հետևում ենք իրադարձություններին, տեսնում ենք, որ որքան ձգձգվում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություններն Ուկրաինայում, այդքան Ադրբեջանն ավելի սանձարձակ է դառնում ու ռազմաքաղաքական ավելի լկտի պահվածք է դրսևորում Արցախի նկատմամբ, որի միջոցով նաև այդ վտանգները սպառնում են մեր էքզիստենցիալ անվտանգությանը»,- ընդգծեց Գ. Գևորգյանը։

Խոսելով ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հետ կապված՝ Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, Գոռ Գևորգյանն ասաց՝ պետք է հասկանալ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի հետ։

«Կրկնում եմ՝ խաղաղ գոյակցությունն անհրաժեշտ է պետության դինամիկ զարգացման համար, բայց խաղաղ գոյակցության համար նախապայմաններ են հարկավոր։

Ըստ շրջանառվող տեղեկատվության, գոյություն ունեն նախապայմաններ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Հիմա ՀՀ գործող իշխանությունն ասում է, որ նման նախապայմաններ չկան, բայց կրկնում եմ՝ եթե մենք շարժվում ենք այն տրամաբանությամբ, որը թուրք-ադրբեջանական կողմը ներկայացնում է, ընդ որում, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հայտարարել են, որ իրենք գործում են մեկ միասնական դաշնակցային համագործակցության համատեքստում, հետևաբար՝ Ադրբեջանի կողմից առաջադրված քաղաքական օրակարգն ըստ էության համապատասխանում է թուրքական օրակարգին։ Չեմ կարծում, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանին լայնածավալ ու բազմաբովանդակ օգնություն ցուցաբերած Թուրքիան այսօր որևէ կերպ տեղեկացված չէ կամ չի աջակցում Ադրբեջանին իր նախաձեռնած և շարունակականություն կրող այս գործողություններին։ Մենք որևէ երաշխիք ունե՞նք, որ այն, ինչ այսօր առաջ են քաշում ՀՀ իշխանությունները, որևէ ձևով մեր վրա չի անդրադառնա ավելի բացասական ու մեծ վտանգներ պարունակող օրակարգի տեսքով։ Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, իսկ եղած տեղեկատվության հիման վրա էլ կարող ենք միայն եզրահանգումներ անել, որոնք հօգուտ Հայաստանի չեն. վտանգված է մեր ազգային ու պետական շահը»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս