«Անկեղծ լինենք. չկա մեկ քաղաքական ուժ, ում կարողության սահմաններում է այս ճգնաժամը հաղթահարելը». Քրիստինե Վարդանյան

«Խորհրդանշական է, որ իրավիճակի մասին խոսում է իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Լավ է, եթե արդեն արձանագրում է, բայց պետք է հաշվի առնենք, թե արձանագրումից հետո ինչ է ասում: Արձանագրելով, որ հայերի նկատմամբ իրականացվում է ցեղասպան քաղաքականություն և ահաբեկչական գործողություններ, ասում է, որ պատրաստ ենք խաղաղության և Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ որևէ առարկություն չունենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից:

Խոսելով այս իրավիճակում ընդդիմության և հասարակության անելիքների մասին, պատգամավորն ընդգծեց. «Պետք է հեռացնենք պարտության մարմնավորմանը, իրավիճակի թիվ մեկ պատասխանատուին և մեղավորին: Միայն պարտության դեմքի հեռացումով Հայաստանի համար բացվում են նոր հնարավորություններ: Երկար կարելի է բացատրել, թե ինչ հնարավորություններ. և՛ բանակցային սեղանին նոր օրակարգ ներկայացնելով, և՛ ժամանակ ձգելով, և՛ ընդհանրապես իրավիճակը փրկելով»:

Հարցին՝ բացի ԱԺ-ում պայքարելուց՝ ի՞նչ քայլեր եք անում Ձեր իսկ ձևակերպմամբ՝ պարտության սիմվոլին իշխանությունից հեռացնելու համար, նա պատասխանեց. «Հիմա առավել ևս կա հանրության հետ անկեղծ դիսկուրսի և շատ անկեղծ լինելու անհրաժեշտությունը, այո, այդ դիսկուրսը ծավալելու պարտավորությունը մերն է: Հանրությանը շատ ուղիղ, անկեղծ և պարզ պետք է ասվի, որ իսկապես, ցավոք սրտի, Հայաստանում չկա մեկ քաղաքական ուժ, ում կարողության սահմաններում է այս ճգնաժամը հաղթահարելը: Չկա՛: Եթե լիներ այդպիսի ուժ, մենք այս իրավիճակին չէինք հասնի, կամ բավական վաղուց հանգուցալուծված կլիներ: Ուրեմն՝ պետք է քաղաքական դաշտի կոնսոլիդացիա, բայց ցավոք, դա էլ բավարար չէ: Մենք տեսել ենք, որ եղել է այդ կոնսոլիդացիան, բայց դա բավարար չէր: Պետք է հանրային օրակարգ. Հանրությունն այստեղ ունի բացառիկ նշանակություն: Այն մանդատը, որը մեզ տրվել է, իշխանափոխության մանդատն է, և դա իրականացնելու պատասխանատվությունը և պարտավորվածությունը մերն է, այստեղ պատասխանատվությունը հանրության վրա գցելու խնդիր չէ: Մենք այնպիսի վիճակում ենք, որ անգամ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան չի կարողանում ստեղծված ճգնաժամը հաղթահարել, հետևաբար՝ պետք է հանրային օրակարգ: Մենք վերջին շրջանում տեսնում ենք նման դրսևորումներ, երբ հանրությունը պահանջ է ներկայացնում քաղաքական ուժերին՝ անել այս կամ այն քայլը: Հանրությունը պետք է ձևավորի իր պահանջները և դրանք դնի քաղաքական ուժերի սեղանին, որոնք պետք է լինեն իրատեսական և իրավիճակից բխող»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս