«Փորձում ենք հաղթահարել դժվարությունները և շեն պահել գյուղը». Կաղարծիի համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչները փորձում են հաղթահարել առկա դժվարություններն ու շեն պահել հայրենի բնօրրանը:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիներն այս օրերին շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ։

«Այս տարի կատարել ենք 60 հա աշնանացան: Ձյան առատ տեղումների պատճառով դադարեցվել են գարնանացան մշակաբույսերի ցանքսի աշխատանքները։Եղանակային տաք պայմանների պահպանման դեպքում` դրանք կվերսկսվեն. նախատեսում ենք ցանել 1.5 հա եգիպտացորեն և 3.5 հա կորնգան: Գյուղացիներն էլ իրենց տնամերձ տարածքներում կսկսեն բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը: Սակայն պետք է նշեմ, որ ունենք և´ խմելու, և´ ոռոգման ջրի խնդիր:Չնայած, որ տեղումները շատ էին, միևնույն է, մեր ջրային պաշարները չեն բավարարում: Պետք է նոր արտեզյան ջրհոր կառուցենք»,-ներկայացրել է Գ. Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ձյան ծանրությունից երեք տուն և երեք ֆերմա է վնասվել. փլվել են ծածկերը, բացի այդ երեսունհինգ շինություն էլ մասնակի վնասներ է կրել:

«44-օրյա պատերազմի ժամանակ գյուղում տասնհինգ առանձնատուն է վնասվել, սակայն աշխատանքներ այդ ուղղությամբ դեռ չեն տարվում: Պատերազմից հետո տասնհինգ տեղահանված ընտանիք է հաստատվել մեզ մոտ: Այդ ընտանիքների տղամարդիկ ներգրավվել են շինարարական աշխատանքներում»,-նշել է մեր զրուցակիցը: Գ. Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհն ու ներհամայնքային ճանապարհահատվածներ ասֆալտապատվել են, ինչի շնորհիվ կարողանում են անխափան երթևեկություն կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս